08/02/2019 11:02
Ոչ միայն թվեր, այլև թեզեր փնտրեք, որ տեսնեք՝ ինչպիսի տեսլական ունի կառավարության ծրագիրը. Նախարար (Տեսանյութ)
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը կոչ է անում կառավարության ծրագրում միայն թվեր չփնտրել, այլ ուշադրություն դարձնել առաջ քաշված թեզերին:
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նախարարը ներկայացված ծրագիրը բնութագրեց որպես նախաձեռնողական և ռիսկ վերցնելու ծրագիր:
«Թվեր քննարկվել են և թվեր առաջադրվել են, թե ինչ ձևաչափով դրանք կհրապարակվեն կամ ոչ, այս պահին կդժվարանամ պատասխանել: Այս տեսլականներն ամբողջությամբ պարփակված են ծրագրում ու կխնդրեի ոչ միայն թվեր, այլև թեզեր ման գալ և տեսնել՝ ինչպիսի տեսլական ունի ծրագիրը ՀՀ զարգացման հետ կապված», - ասաց նախարարը՝ ի պատասխան դիտարկման, թե ծրագրում թվեր չկան:
Հարցին, թե ինչի՞ վրա հիմնվելով կարող է պնդել, որ ծրագիրը հեղափոխական է, նախարարը նշեց, որ դրա օրինակներից մեկն այն է, որ կառավարությունը բարձր տեխնոլոգիաները և ռազմարդյունաբերությունը դիտարկում է որպես գերակա ճյուղ: