08/02/2019 13:55
Հայաստանում ներդրումային միջավայր ստեղծելու համար դեռ կան խնդիրներ. Միքայել Մելքումյան (Տեսանյութ)
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը չի շտապում գնահատել կառավարության հնգամյա ծրագրի նախագիծը, որն այսօր հաստատվեց և շրջանառության մեջ է դրվել խորհրդարանում։
«Մենք պետք է նայենք, հասկանանք՝ ինչքանո՞վ է համահունչ մեր ծրագրային մոտեցումներին, ի՞նչ հարցադրումներ ունենք և այլն։ Այս պահին ամբողջական, հստակ կարծիք չենք կարող ասել, մենք պետք է պաշտոնական քննարկում ունենանք», - այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Մելքումյանը։
Հարցին, թե կա՞ տնտեսական հեղափոխության հնարավորություն, Մելքումյանը նկատեց, որ կա քաղաքական կամք ցուցաբերելու հնարավորություն։
Մյուս հարցին, թե այս պահին ինչպե՞ս է գնահատում ներդրումային միջավայրը Հայաստանում, ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչը պատասխանեց. «Երկրում կատարվել են իրադարձություններ՝ կապված կոռուպցիայի հաղթահարման, արհեստական մենաշնորհների հաղթահարման հետ։ Դրանք իսկապես հաղթահարվել են։ Բայց կյանքը ցույց է տալիս, որ դեռ կան միջոցառումներ, որոնք պետք է կատարվեն։ Բիզնեսը, ներդրում անելը հաշվիչի նման չէ, որ երեկոյան անջատես, առավոտյան միացնես, գա։ Մարդիկ պետք է տեսնեն, որ ներդրումների անվտանգությունը և նվազագույն շահութաբերությունը երաշխավորված է։ Իսկ այդտեղ լուրջ խնդիրներ կան դատաիրավական համակարգի ռեալ անկախության հետ, որովհետև բիզնեսը սիրում է կարճ ժամկետներում վճիռներ կայացվեն»։
Մանրամասն՝ տեսանյութում: