09/02/2019 12:46
Փաշինյանի կողմից հրահանգվում է ՄԻԵԴ-ում գործերը տարվել, որ հետո կարողանա ապացուցել՝ նախկին իշխանությունները եղել են օրինախախտ. Ալումյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը պնդում է ՝ Նիկոլ Փաշինյանը հրահանգներ է տալիս ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչին։
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ մենք ուզում ենք Եվրոպական դատարանում գործերը տարվենք, որ երբ այդ գործերով վճիռներ գան, կարողանանք ասել՝ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի ժամանակ մարդկանց իրավունքները խախտվել են։ Սա նշանակում է Եվրոպական դատարանի վճիռները փորձել օգտագործել քաղաքական օպոնենտների դեմ պայքարի մեջ», - ասաց նա։
Նա հիշեցրեց, որ ՀՀ կառավարությունը ՄԻԵԴ-ում ունի ներկայացուցիչ, ինչպես նաև Արդարադատության նախարարությունն ունի վարչություն, որոնք պարտավոր են ՄԻԵԴ-ում կառավարության անունից առարկել դիմումատուների գանգատների դեմ։
«Փաստորեն, վարչապետի կողմից հրահանգվում է այդ անձանց գնալ ու Եվրոպական դատարանում գործերը տարվել, որ հետո կարողանա ապացուցել, որ նախկին իշխանությունները եղել են օրինախախտ: Սա շատ վտանգավոր տենդենց է ու դա նկատվում է նաև Մարտի մեկի գործերով», - ընդգծեց Հայկ Ալումյանը։
Փաստաբանն ասաց, թե շուտով Եվրոպական դատարանում շատ գործեր են քննվելու Մարտի մեկով ու եթե ՀՀ կառավարությունը այնտեղ չներկայացնի բոլոր հնարավոր հակափաստարկները, ապա ՄԻԵԴ-ին այլ բան չի մնա, քան փաստել, որ մարդկանց իրավունքնեը Մարտի մեկին խախտվել են։
Հայկ Ալումյանը նշեց, որ արդեն փորձեր կան Մուշեղ Սաղաթելյանի գործն օգտագործել Ռոբերտ Քոչարյանի դեմ։