09/02/2019 12:03
Մանվել Գրիգորյանի մոտ առաջացել է խրոնիկ հիվանդությունների դեկոմպենսացիա. նա կշարունակի մնալ «Նաիրի» ԲԿ-ում
ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ «Նաիրի» բժշկական կենտրոնում։
«Երեկ հետազոտություններից հետո կոնսիլիումը եկավ եզրակացության, որ Մանվել Գրիգորյանը պետք է բուժում ստանա ստացիոնար պայմաններում, բազմապրոֆիլ հիվանդանոցում», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին։
Նա նշեց, որ Մանվել Գրիգորյանի մոտ առաջացել է խրոնիկ հիվանդությունների դեկոմպենսացիա։
Հարցին՝ դեռ որքա՞ն ժամանակ Մանվել Գրիգորյանը կմնա հիվանդանոցում, Անատոլի Գնունին ասաց, որ պետք է դեկոմպենսացիան կոմպենսացվի, հետո նոր կկարողանան ասել՝ երբ դուրս կգրվի։
Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանն էլ Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ երեկ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից այցելել են իր պաշտպանյալին։
«Առողջական վիճակը վատ է, ստանում է անհրաժեշտ բուժումները, բողոքներ չունի, նույնիսկ մահացու ծանր հիվանդություն ունենալով՝ միշտ ասում է՝ լավ է», - նշեց Արսեն Մկրտչյանը։
Փաստաբանն ասաց, որ ընտանիքի անդամները չեն կարող տեսնել Մանվել Գրիգորյանին։
«Չի հաջողվել, չեն էլ փորձել, տեսակցություների վրա անհիմաստ արգելըք դեռ հանված չէ», - ասաց Արսեն Մկրտչյանը։
Հիշեցնենք՝ դեկտեմբերին Մանվել Գրիգորյանը 25 միլիոն գրավի դիմաց ազատ արձակվեց «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից։
Հունվարի 22-ին, սակայն, Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց դատախազության բողոքը, և նա կրկին կալանավորվեց։
Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։