09/02/2019 12:33
ԵՊՀ-ում արված հայտարարությունը Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի մեջ կենտրոնական դեր է խաղում. Հայկ Ալումյան
Վերաքննիչ քրեական դատարանի դատավորը շարունակեց կոպտորեն խախտել օրենքն ու շարունակել կալանքի տակ պահել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը։
«Անձի ճակատագիրը չպետք է կախված լինի նրանից, թե տվյալ պահին քրեական գործով նախաքննության նկատամամբ հսկողությունը որ դատախազն է իրականացնում, այս աստիճանի սուբյեկտիվ չպետք է լինի անձի նկատմամբ մոտեցումը, կախված չպետք է լինի առանձնին անձանցից», - ասաց նա։
Հայկ Ալումյանի խոսքով՝ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի մեջ կենտրոնական դեր է խաղում այն հանգամանքը, որ ՀՀ երկրորդ նախագահը, մինչև Մարտի 1-ի իրադարձությունները, ԵՊՀ-ում ուսանողների առջև հանդես գալուց ասել է՝ իշխանությունն ունի ընդամենը երկու տարբերակ՝ սպասել մինչև ցույցերը իրենք-իրենցով կդադարեն, երկրորդ՝ գնալ ցույցերը դադարեցնելու ուժային տարբերակի։
«Սա դրված է մեղադրանքի կենտրոնական հիմքում, բայց հարց է առաջանում՝ այստեղ ի՞նչ կա մեղսագրելու, կա՞ր արդյոք երրորդ տարբերակ, որի մասին պարոն Քոչարյանը չի՞ հայտնել», - ընդգծեց Հայկ Ալումյանը։
Հիշեցնենք՝ փետրվարի 7-ին Վերաքննիչ քրեական դատարանն ամբողջությամբ մերժեց Ռ. Քոչարյանի պաշտպանների բողոքը։ Նա շարունակում է մնալ կալանքի տակ։