09/02/2019 14:44
Տպավորությունն է, որ ներդրումների մասին իսկապես մտահոգված է միայն ՀՀ վարչապետը. Տնտեսագետ
Ներդրումներ ապահովելու հարցում միայն շուկայի կենտրոնացվածության (մոնոպոլիզացվածության) աստիճանը բավարար չէ։ Դրանց բացակայությունը պետք է պայմանմավորել մի շարք այլ օբյեկտիվ պատճառներով՝ Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը, շրջափակման մեջ գտնվելու հանգամանքը և սահամանփակ սպառողական շուկան, Aysor.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեսբուքյան այն գրառմանը, որ Հայաստանը հակամենաշնորհային առումով աշխարհի լավագույն 20-յակում է, և այդ ցուցանիշը կարևորագույն ազդակ է պոտենցիալ ներդրողների համար։
«Միաժամանակ, ողջունելի է, որ մոնոպոլիզացվածության ցուցանիշը մեր երկրում բարելավվել է։ Հիմնական խոչընդոտներից, ներդրողներին վանող գործոններից մեկը մենաշնորհացվածության մակարդակն է։ Գաղտնիք չէ, որ դա անկախության տարիներին թույլ չի տվել, որպեսզի Հայաստանում լուրջ ներդրումներ կատարվեն, բայց այն ներդրողները, որոնք ավելի ճկուն մտածելակերպ ունեն, կարող են Հայաստանը դիտարկել որպես խողովակ՝ դեպի Եվրասիական տնտեսական միություն, կամ ԵՏՄ-ից՝ դեպի Իրան և Եվրամիություն։ Նշված բոլոր ուղղությունները սպառողական բավական մեծ շուկաներ են ապահովվում, իսկ Հայաստանը բոլոր նշված ուղղություններով բավական բարձր մակարդակի հարաբերություններ ունի», - ասաց նա։
Թաթուլ Մանասերյանի համոզմամբ, մեր երկրում պետք է զարգանա տնտեսական դիվանագիտությունը, սակայն դրա համար համակարգված փոփոխություններ պետք է կատարվեն։
«Ներդրումները ոչ միայն օտարերկրյա պետք է լինեն, այլև՝ ներքին։ Սա նոր հնարավորություն կընձեռի օտարերկրյա ներդրողներին՝ տեսնելու, որ մեր երկրում առկա է առողջ ներդրումային միջավայր, և իրենց մուտքը հայաստանյան շուկա կարող է շահավետ լինել», - ընդգծեց տնտեսագետը։
Հարցին՝ ինչո՞ւ, այնուամենայնիվ, Հայաստանում առայժմ խոշոր ներդրումների ականատես չենք լինում և ինչ պետք է անի ՀՀ իշխանությունը՝ մեր երկիրը ներդրումների համար գրավիչ դարձնելու, Թաթուլ Մանասերյանը պատասխանեց.
«Ինձ մոտ այն տպավորությունն է, որ ներդրումների մասին խոսում է և այդ հարցով իսկապես մտահոգված է միայն ՀՀ վարչապետը։ Նա ամեն ինչ անում է, այդ նպատակով օգտագործում է ամեն այցելություն, բանակցում է այլ երկրների ղեկավարների հետ։ Բայց, կարծում եմ, միայն սա բավարար չէ. ներդրումների մասին բոլորը պետք է մտածեն։ Բոլորը պետք է ներդրումներ փնտրեն, և իրենք առաջինը ներդրում կատարեն։ Մեկը ներդրում է անում իր գումարները, մյուսն՝ իր կապերը, այնպես որ, ներդրումները չպետք է պարզունակ հասկանալ։ Եթե բոլորը մտահոգվեն այս հարցով, ներդրումներ անպայման կլինեն», - համոզմունք հայտնեց տնտեսագետը: