09/02/2019 13:08
Ռոբերտ Քոչարյանն ընդհանրապես ցուցմունք չի տվել ու առայժմ չի էլ պատրաստվում տալ. պաշտպան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանականի խմբի անդամ Հայկ Ալումյանը բացառում է, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը կամ թաքնվել։
«Պարոն Քոչարյանը օրենքով պետության կողմից պաշտպանվում է, անընդհատ իր կողքին գտնվում են ԱԱԾ բարձրաստիճան սպաներ», - այսօր լրագորղների հետ հանդիպմանն ասաց Հայկ Ալումյանը։
Նա նշեց, թե Ռոբերտ Քոչարյանը չի կարող որևէ մեկին հանդիպել, կամ որևէ մեկը չի կարող այլ կերպ, քան նախապես տեղեկացնելով՝ ժամով, րոպեով, հանդիպել։
«Բացառված է, որ պարոն Քոչարյանը, ազատության մեջ մնալով, մի այնպիսի հանդիպում ունենա, որի մասին մեր պետությունը անմիջապես տեղյակ չդառնա», - ասաց նա։
Փաստաբանը անհեթեթ համարեց վարկածը, թե ՀՀ երկրորդ նախագահը կարող է թաքնվել քննությունից։
Հայկ Ալումյանը տեղեկացրեց նաև, որ Ռոբերտ Քոչարյանը որևէ անգամ ցուցմունք չի տվել։
«Ինքն ընդհանրապես ցուցմունք չի տվել ու առայժմ չի էլ պատրաստվում ցուցմունք տալ, որովհետև ինքը հայտարարել էր, որ մեղադրանք է առաջադրվել իրեն, որից հասկանալի չէ, թե ինչի մասին է խոսքը», - ընդգծեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը։