11/02/2019 18:37
Ես տեղեկացրի, որ Սեյրան Օհանյանին գնդակահարությամբ չեմ սպառնացել. Նարեկ Սամսոնյան
Շատ զարմանալի պատճառով էին հրավիրել։ Երբ հայտարարեցինք, որ նման հրավեր կա, կոնկրետ իշխանության աջակիցների կողմից արժանացանք շատ հետաքրքիր արձագանքի. «Բա տենց գրում եք, բա պետք ա կանչեն, բա պետք ա ձեզ պատժեն դրա համար» և այլն, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանը, ով Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր (6-րդ) վարչության Կիբեռհանցագործությունների վարչության պետի կողմից հրավիրվել է հարցաքննության:
«Երկու-երեք օր է՝ ֆեյքային հարձակումների մեջ ենք, և ամենահետաքրքիրն այն է, որ իշխանական կոնկրետ շահեր սպասարկող էջերի կողմից, բայց պարզվեց մի շատ հետաքրքիր բան, որ փաստորեն իմ դեմ դիմումը տվել էր Սեյրան Օհանյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը։ Այն կապված էր իմ մի գրառման հետ, որտեղ ես Սեյրան Օհանյանին ընդամենը մի գործի մասով, որը հանդիպել էի ֆեյսբուքում ու լրահոսում, հարցրել էի նրան, թե ինչու է նա ցուցմունք տվել Սերժ Սարգսյանի դեմ։
Ինեսա Պետրոսյանը դիմել է 6-րդ վարչություն՝ հայտարարելով, որ ես այդտեղ նախաքննական գաղտնիք եմ հրապարակել և ուզել է իմանալ, թե որտեղից ես գիտեմ այդ նախաքննարական գաղտնիքի մասին։ Իրականում իմ հարցը, որը կարող էր սխալ լինել, հաստատեց, ինքը բացահայտեց, որ դա նախաքննական գաղտնիք է։ Ըստ էության, Սեյրան Օհանյանը Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք է տվել, ինչն իր փաստաբանն այսօր հաստատեց իր դիմումով», - ասաց նա։
Նարեկ Սամսոնյանի խոսքով՝ ամենազավեշտալին, որ ապշեցրել է իրեն, հանրամատչելի իրողության նման արձագանքն է։
«Բոլորը գիտեն, որ դավաճանող սպային գնդակահարություն է հասնում։ Ես այդ գրառման մեջ ընդամենը վերջում գրել էի, որ «Պարոն Օհանյան, լավ գիտեք, թե դավաճանող գեներալին ինչ են անում. դավաճանող գեներալին գնդակահարում են»։ Սեյրան Օհանյանը դա իր անձին ուղղված սպառնալիք է համարել՝ իբր ես նրան սպառնացել եմ գնդակահարությամբ։ Իրականում ես տեղեկացրեցի, որ չեմ սպառնացել գնդակահարությամբ Սեյրան Օհանյանին, որովհետև անկեղծ՝ շոկային է այն, ինչի համար մենք եկել էինք։ Պարզվեց, որ գեներալ-գնդապետը սպառնալիք է համարել հանրամատչելի իրողությունը մեջբերելը։ Ցավում եմ դրա համար։ Բայց մի բան կուզեմ ասել. Սեյրան Օհանյանը թող մտածի ՀՀ տարածքում սպա սպանողներին պաշտպանելու մասին։
Դա ավելի վատ սպառնալիք է ու ոչ թե ինչ-որ մեկին, այլ ուղղված Հայաստանի Հանրապետությանը։ Ավելի լավ է սպառնալ գեներալ-գնդապետին՝ գնդակահարությամբ, քան թե պաշտպանել սպա սպանողներին, կանգնել ու վերջում էլ գոռալ՝ քաղբանտարկյալ։ Սա ավելի ամոթալի է։ Ես կարծում եմ՝ շատ վատ է, որ Սեյրան Օհանյանն իր վերադասի՝ նախկին գերագույն-գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք է տվել, և այսպես անզգուշորեն նրանք այդ նախաքննական գաղտնիքը բացահայտեցին», - ասաց Սամսոնյանը։
Փաստաբան Տիգրան Աթանեսյանն իր հերթին նկատեց, որ Սամսոնյանը նախաքննական գաղտնիքի չի տիրապետում, որ պատասխանատվության ենթարկվի։
«Նա տեղյակ չէ այդ նախաքննական տվյալից, ուղղակի պատահաբեր ֆեյսբուքի անծայրածիր դաշտերում տեսել է մի ենթադրություն, որը դրել է իր ստաուսի մեջ։ Ենթադրությունն այն է, որ հրավիրվել ենք 6-րդ վարչություն՝ զուտ կապված պարոն Սամսոնյանի ֆեյսբուքյան ակտիվության հետ, պարզվեց, որ այդքան էլ չէ։ Տրամադրված էինք բացատրություն չտալ, ուղղակի հարգեցինք ոստիկանության աշխատակիցներին, եկանք։ Բայց տեղեկանալով, թե ինչի առթիվ ենք հրավիրված՝ իրոք, շատ զարմանալի էր։ Մի տեսակ նաև անդուր էր, որ գեներալ-գնդապետը, Պաշտպանության նախկին նախարարը, Արցախյան պատերազմի հերոսը ֆեյսբուքյան գրառումից կարող է նման հաղորդում տալ։ Տվել ենք բացատրություն և դուրս ենք եկել։ Հուսով ենք՝ այդքանով կավարտվի», - ասաց փաստաբանը։