11/02/2019 11:26
Հայաստանի խորհրդարանը պետք է երկպալատանի լինի. Հովիկ Աղազարյան
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Աղազարյանն ընտրվեց հանձնաժողովի փոխնախագահ։ Նրա թեկնածությունն առաջադրեց իշխանական խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը։
Աղազարյանը շնորհակալություն հայտնեց իր թիմին այս պաշտոնում իրեն առաջադրելու համար։ «Ես կօգնեմ բոլորին՝ անկախ քաղաքական հայացքներից, հանձնաժողովի գործունեության շրջանակներում», - հայտարարեց Աղազարյանը։
Նա նաև նշեց, որ հասկանում է՝ պետք է լինի կարգապահ ու հաշվետու քաղաքական թիմի առաջ։
«Տնտեսական հեղափոխությունը շատերը պատկերացնում են արտառոց մի բան։ Իմ պատկերացմամբ, տնտեսական հեղափոխության կոնտեքստում ամենակարևոր դրսևորումներից մեկն այն է, որ մենք կարող ենք ասել՝ այժմ կոռուպցիան գլխատված է», - նշեց Հ.Աղազարյանը։
Պատգամավորը նաև նշեց, որ Հայաստանի խորհրդարանը պետք է երկպալատանի լինի, որի վերին պալատը կզբաղվի սփյուռքի հարցերով։ Միևնույն ժամանակ պատգամավորը նշեց, որ խորհրդարանը երկպալատանի դարձնելը ապագայի հարց է։
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը, ըստ էության, կպատկանի իշխանական խմբակցությանը. այս հանձնաժողովը նախագահում է Բաբկեն Թունյանը։ Հանձնաժողովն ունի 15 անդամ՝ 10-ը «Իմ քայլը» խմբակցությունից, 3-ը՝ «Բարգավաճ Հայաստան»-ից, իսկ 2-ը՝ «Լուսավոր Հայաստան»-ից։