11/02/2019 12:13
Մանվել Գրիգորյանը շարունակում է մնալ հիվանդանոցում, հարազատներին արգելում են տեսակցել. Պաշտպան
ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը շարունակում է մնալ հիվանդանոցում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գրիգոյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը։
«Դեռ հիվանդանոցում է։ Հարազատներին արգելում են տեսակցել։ Այս 8 ամսվա ընթացքում հարազատներին հազարից մեկ են թույլատրել տեսակցել», - ասաց Մկրտչյանը։
Պաշտպանի խոսքով՝ վարույթն իրականացնող մարմինն ամեն ինչ անում է, որ Մանվել Գրիգորյանի կալանքը տարբերվի ուրիշների կալանքներից։
«Հեռախոսազանգերը, տեսակցությունները նմանատիպ հոդվածներով որպես կանոն բաց են լինում, երբ նախաքննությունն արդեն 8 ամիս ընթանում է։ Բայց տվյալ դեպքում խնդիրն այն չէ, որ նախաքննությունն ինչ-որ քրեադատավարական գործողություններ իրականացնի, այլ խնդիրը դրված է այնպես, որ հնարավորինս շատ անհարմարություն ստեղծվի, ցուցադրաբար արվի, թե տես, մեկ ուրիշի համար կարելի է, իսկ քեզ՝ չի կարելի։ Ենթադրում եմ, որ գլխավոր դատախազության ցուցումով և «դաբրոյով» է արվում այս ամենը», - ասաց Արսեն Մկրտչյանը։
Հիշեցնենք՝ դեկտեմբերին Մանվել Գրիգորյանը 25 միլիոն գրավի դիմաց ազատ արձակվեց «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից։ Ավելի ուշ Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց դատախազության բողոքը, և նա կրկին կալանավորվեց։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Մանվել Գրիգորյանի պաշտպանները նոր միջնորդություն են ներկայացրել Գրիգորյանին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու վերաբերյալ:
«Ինչպես ասում են՝ обыкновенный фашизм։ Սովորական ընթացքով մակագրվել է Մարինե Մելքոնյանին, որը, բնականաբար, կայացնելու է այնպիսի որոշում, ինչպիսին կայացրել է նախկինում՝ Մանվել Գրիգորյանին թողնելու է կալանքի տակ։ Բայց մենք կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունները ներկայացնելու ենք այնքան ժամանակ, մինչև մեկ այլ ադեկվատ կամ քիչ թե շատ անկախ դատավորի մոտ հայտնվի գործը», - ասաց Արսեն Մկրտչյանը։