11/02/2019 12:45
Սիրիա ուղարկվել է ոչ թե զորախումբ, այլ՝ մասնագետների խումբ. Ռուբեն Ռուբինյան (Տեսանյութ)
Սիրիա ուղարկվել է մասնագետների խումբ և ոչ թե զորախումբ, ինչը էականորեն փոխում է հարցը, այսօր պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ սրբագրելով լրագրողի դիտարկումը, թե Սիրիա զորախումբ է ուղարկվել։
Հարցին, թե անհրաժեշտ չէ՞ր, որ խորհրդարանը վավերացներ պայմանագիրը, որի հիման վրա մասնագետների խումբը կուղարկվեր Սիրիա, Ռուբինյանը պատասխանեց. «Հնչում են հայտարարություններ, որ պետք է լիներ պայմանագիր, որ Սիրիա ուղարկվեր խումբը, բայց Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հիմքը 2001 թվականի բաց պայմանագիրն է», - ասաց Ռուբինյանը։
Ավելի վաղ ՊՆ-ն հայտարարել էր, որ Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով փետրվարի 8-ին հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն (ք.Հալեպ):