11/02/2019 12:08
Իրատեսական, զգուշավոր ծրագիր է, բայց կարող էր համարձակ լինել. Բաբկեն Թունյան (Տեսանյութ)
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը դժվարանում է կառավարության գործունեության ծրագրին որևէ բնորոշում տալ և կարծում է, որ կառավարությունը փորձել է զգուշավոր լինել ծրագիրը գրելիս։
«Առաջարկում եմ սպասել և առաջիկա օրերին կառավարության ծրագրի քննարկման ժամանակ բնորոշիչները կլսենք։ Բայց իմ կարծիքով, իրատեսական ծրագիր է, կարող էր մի քիչ ավելի համարձակ քայլերի գնալ կառավարությունը», - այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Բաբկեն Թունյանը։
Հարցին, թե ինչո՞ւ կառավարությունը չի գնացել համարձակ քայլերի, Թունյանն ի պատասխան ասաց, որ կառավարության անդամները հավանաբար այդ հարցերին կպատասխանեն ծրագրի նախագծի քննարկման ընթացքում։
Համարձակությունը, ըստ իշխանական պատգամավորի, կարող էր արտահայտվել ոչ թե 5, այլ ավելի բարձր տոկոսանոց տնտեսական աճի կանխատեսմամբ։
«Չեմ ասում ավելի բարձր, ֆանտաստիկ թռիչք կանխատեսել, բայց կարելի էր։ Բայց մյուս կողմից ավելի լավ է քիչ թիրախ դնել, բայց հասնել ավելիին», - նշեց Թունյանը։
Նշենք, որ կառավարության ծրագրի նախագիծը խորհրդարանում արդեն իսկ շրջանառության մեջ է դրված և վաղը մեկնարկելիք ԱԺ նստաշրջանում այն կսկսեն քննարկել լիագումար նիստում։
Մանրամասն՝ տեսանյութում