11/02/2019 13:16
Հանրությունն իրավունք ունի հարց տալ՝ իսկ ի՞նչ գիտենք, որ հունվարի 5-ին բանակում մահվան դեպք չի գրանցվել. իրավապաշտպան
Տարիներ ի վեր պետական-հասարակական կյանքում հաջողվել էր ձևավորել մի համոզմունք, որ բանակում զոհ ունենալու ցավալի դեպքից մի քանի ժամ հետո հասարակությունն այդ մասին անպայման տեղեկանում էր։ Հայ հանրությունը վստահ էր, որ առնվազն նախորդ օրը բանակում որևէ դեպք չի եղել կամ հակառակը՝ կորուստ ենք ունեցել։ Այս հարցում մենք հետդարձի իրավունք չունենք, Aysor.am-ի հետ զրյցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով Նոր տարվա գիշերը հրազենային վնասվածքից ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանի՝ մինչ այժմ գաղտնի պահվող մահվան դեպքին։
«Ես ուզում եմ քննադատել այս վարքագիծը և հույս ունենալ, որ այն վերջինը կլինի, նման բան այլևս չի կրկնվի։ Բանակում մահվան դեպքերի մասին հասարակությանն անպայման պետք է իրազեկել։ Այլապես հանրությունը, մեծ հաշվով, իրավունք ունի հարց տալ՝ իսկ մենք ի՞նչ գիտենք, որ օրինակ հունվարի 5-ին կամ 10-ին նման դեպք չի եղել։ Սա է խնդիրը։ Սա ցավոտ ճանապարհով ձեռք բերված վստահություն է, որն իրավունք չունի կորցնելու և ոչ մի իշխանություն», - ասաց իրավապաշտպանը։
Ռուբեն Մելիքյանի խոսքով, ինքը մի պահ կարող է հասկանալ, որ զինծառայողի մահվան մասին չհայտնելով՝ պաշտպանական գերատեսչությունը ցանկացել է չստվերել հասարակության տոնական տրամադրությունը, սակայն Ամանորից անմիջապես հետո դեպքի մասին չհայտնելը որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում։
«Ես ներողություն եմ խնդրում մեր պատասխանատուներից, որ ստիպված եմ այս համեմատությունն անել։ Այն, մեծ հաշվով, տեղին չէ, բայց ամեն դեպքում հիշենք, որ Ադրբեջանի հասարակությունը մինչ օրս իրավացիորեն մեծ կասկածներ ունի ադրբեջանական բանակում տեղի ունեցող մահվան դեպքերի առնչությամբ։ Այսինքն՝ այն թվերը, որոնք ներկայացվում են, հավատ չեն ներշնչում հանրությանը, ինչն էլ անվստահության վիճակ է ստեղծում բանակի և կառավարության նկատմամբ», - նշեց մեր զրուցակիցը։
Իրավապաշտպանը միաժամանակ ընդգծեց, որ հանրությունը պետք է հետևի քննության ընթացքին՝ մանավանդ հաշվի առնելով, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ ՔՕ-ի 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ ինքնասպանության հասցնելը: «Պատասխանատուներն այս հարցի առնչությամբ ևս պետք է պատշաճ կերպով տեղեկացնեն հանրությանը», - նշեց Ռուբեն Մելիքյանը։