12/02/2019 19:23
«Սիրելիներից մի բաժանվեք». ռուսական թատրոնի բեմադրիչ Նորա Գրիգորյանը ներկայացում կբեմադրի նաև Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի երիտասարդ բեմադրիչ Նորա Գրիգորյանն այն ռեժիսորներից է, ով տարեկան մեկ պրեմիերայով չի սահմանափակվում: Ներկայումս էլ նա միանգամից երկու ներկայացման վրա է աշխատում, ընդորում՝ մեկը հայալեզու: Հատկանշական է, որ հայերեն ներկայացումը բեմ կբարձրանա Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:
«Ներկայումս Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կայանում են Ն.Էրդմանի « Ինքնասպանը» պիեսի փորձերը, որի պրեմիերան տեղի կունենա ապրիլի սկզբին։ Այս գործի վրա սկսել էի աշխատել դեռևս ամռանը, սակայն զուգահեռ հանձնում էի «Ազատ զույգը» բեմադրությունը, այնուհետև՝ մանկական «Սարցե թագուհին», ու ստիպված էի որոշ ժամանակով դադարեցնել փորձերը։ Հիմա նոր ուժերով, նոր մտքերով ու եռանդով վերադարձել եմ այս գործին… Նաև, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ ու իմ շատ սիրելի Երվանդ Ղազանչանի հրավերով առաջիկայում բեմադրություն կպատրաստեմ նաև այդ թատրոնի համար: Պիեսը միասին շատ երկար էինք փնտրում, անընդհատ տարբերակներ էի առաջարկում: Ի վերջո, կանգ առանք Ա.Վոլոդինի «Սիրելիներից մի բաժանվեք» պիեսի վրա, որը հիմա թարգմանության փուլում է», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց Ն. Գրիգորյանը:
Ռուսական թատրոնի բեմադրիչը խոստովանեց՝ որոշակի լարվածություն ու անհանգստություն է զգում, քանի որ իր առաջին հայերեն բեմադրությունն է լինելու, այն էլ՝ այդպիսի թատրոնում:
«Անկեղծ ասած՝ հայերեն բեմադրություն վերջին անգամ արել եմ ինստիտուտում սովորելու տարիներին: Բայց վստահ եմ՝ կարևորը ոչ թե լեզուն է, այլ՝ բեմում օրգանական ու անկեղծ լինելը: Իհարկե, չեմ հերքի, կասկած և վախեր կան, բայց շնորհակալ եմ պարոն Ղազանչյանին, որ ինձ վստահում ու հավատում է: Հետաքրքիր է ունակություններս փորձել ինձ անծանոթ թատերախմբում։ Կարևորը՝ ճիշտ տրամադրվելն է», - ժպիտով ընդգծեց նա:
«Սիրելիներից մի բաժանվեք» ներկայացման մեջ զբաղված կլինեն Պարոնյան թատրոնի արտիստները: Ռեժիսորն իր մտքում արդեն մի քանիսին առանձնացրել է: Մյուսներին էլ կընտրի երաժշտական թատրոնում ևս մի քանի ներկայացում դիտելուց հետո:
Մեկտեղ, Նորա Գրիգորյանը Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի ղեկավարությանը առաջարկել է ևս մի քանի պիես ու հիմա սպասում է պատասխանին: Ասում է՝ իրեն դուր է գալիս ու հետաքրքրված է նոր դրամայով: Եվս մեկ մեծ նախագիծ էլ մտահղացել է ամռան կեսերի համար:
«Բացի այս ամենը, ուզում եմ բեմադրել կատակերգություն՝ հայ հանդիսատեսի կողմից սիրված ու ճանաչված դերասանների հետ: Այն լինելու է ռուսերեն լեզվով: Այդ հարցով դեռևս քննարկումների, պայմանավորվածությունների փուլում ենք, փակագծերը չեմ բացի»,-հավելեց մեր զրուցակիցը:
Անդրադառնալով ռուսական թատրոնում վերջին ամիսներին տեղի ունեցած կադրային փոփոխություններին ու նոր տնօրենի և գեղարվեստական ղեկավարի հետ հարաբերություններին՝ նկատեց՝ թատրոնում շատ բաներ փոփոխվել են, բայց դա իրեն դուր է գալիս:
«Ես այն մարդկանցից չեմ, ովքեր փոփոխությունները ծանր են տանում, կամ չեն ընդունում ու «կռիվ են տալիս»։ Թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանը Երևան գալու առաջին իսկ օրը ցանկություն հայտնեց համդիպել: Ինձ համար հաճելի ու կարևոր էր, որ միասին եկանք այն մտքին, որ մենք «կոմանդա» ենք։ Էլ ավելի հաճելի էր, որ ինձ դեռ չճանաչող Կ.Ներսիսյան ռեժիսորը, ի զարմանս մի քանիսի, ընգծել էր բեմադրություններս, հավանել դրանք։ Իսկ տնօրեն Յուրի Սերգեևիչին ճանաչում եմ 10 տարուց ավելի։ Հաճելի է, երբ իրեն ինչ-որ առաջարկով եմ դիմում, ու այն հավանության է արժանանում: Կամ, միասին նույն կարծիքն ենք ունենում այս կամ այն հարցի վերաբերյալ… Գիտեք, կարծում եմ, լավ հարաբերությունները ձեռք են բերվում արդյունավետ աշխատանքի շնորհիվ: Այդ իսկ պատճառով փորձում եմ աշխատանքս լավ կատարել: Իսկ այլ ֆորմատի հարաբերություններ թատրոնում, բացի ստեղծագործականից, վաղուց և այլևս ինձ չեն հետաքրքրում», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Նորա Գրիգորյանը: