12/02/2019 14:53
Փաստաբանական գործունեության մեջ կա հսկայական ստվեր. Փաշինյանը՝ փաստաբանների՝ ԱԱՀ դաշտ անցնելու մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայն չէ այն դիտարկումների հետ, որ առանձին մասնագիտական խմբի, օրինակ՝ երգիչներ, փաստաբաններ և այլն, հարկային դաշտ չպետք է բերել, ինչը նախատեսվում է Հարկային օրենսգրքում կատարվող փոփոխություններով։
«Եկեք հետևենք մեր երկրում տեղի ունեցող դիսկուրսին․ ում ուզում ես մոտենաս և ասես, որ պետք է հարկ վճարի, պարզվում է՝ մեկը հայտնի երգիչ է, մյուսը՝ հայտնի փաստաբան, էն մյուսն էլ հայտնի մտավորական կամ հայտնի երիտասարդ։ Ասում են՝ ո՞նց, երգիչներին ու փաստաբաններին պետք է հարկե՞լ․ էս ի՞նչ խայտառակություն է։ Ոչ մեկ չի ուզում հարկ վճարել, բայց ուզում են թոշակներն ու աշխատավարձերը, պաշտպանության մակարդակը բարձրանան, ճանապարհները լավը լինեն, բայց ոչ մեկ հարկ չվճարի։ Սա ամենամեծ դիլեման է Հայաստանում», - ասաց վարչապետը։
Նա ընդգեց, որ և՛ ինքը, և՛ իր քաղաքական թիմը պայքարում է կոռուպցիայի և մենաշնորհների դեմ ու այժմ բոլորին հրավիրում է տնտեսական հեղափոխություն անելու, մինչդեռ երևում է՝ բոլորը պատրաստ են դա անել՝ միայն թե կողքից հետևելով:
«Հանկարծ իրենց վրա որևէ պարտավորություն չլինի», - նկատեց վարչապետը։
Նույն թեման, բայց փաստաբանների մասով, Փաշինյանը շարունակեց պատասխանելով պատգամավոր Արթուր Դավթյանի հարցին՝ ինչպես է տեսնում փաստաբանական համայնքի զարգացումը. «Մենք գիտենք, որ փաստաբանական գործունեության մեջ կա հսկայական ստվեր։ Եկեք մտնենք «դատալեքս» և կտեսնենք փաստաբանի, որը 100 հատ գործ ունի, բայց տեսեք՝ ինչքան եկամուտ է ցույց տվել ինքը, էդ 100 գործի եկամուտը ցույց տվե՞լ է, թե չի տվել։ Մենք ունենք խնդիր՝ չունենք գործուն մեխանիզմ՝ այդ եկամուտները հաշվառելու, ստվերը գնահատելու, կառավարելու»։
Վարչապետն ասաց, որ բոլոր շերտերին հրավիրում են երկխոսության, քննարկումների, քանի որ իրենք «որևէ մեկի հակառակորդը» չեն։
Նշենք, որ Հարկային օրենսգրքում փոփոխություններ են կատարվել, որոնցով կառավարությունն առաջարկում է շրջանառության հարկի դաշտից փաստաբաններին, խորհրդատվություն իրականացնող ծառայություններին տեղափոխել Ավելացած արժեքի հարկի դաշտ, ինչը ենթադրում է, որ այդ ծառայությունների համար հարկատեսակը ավելանում է 15 տոկոսով։ Այս նախաձեռնությունը առաջացրել էր փաստաբանական համայնքի դժգոհությունը։