12/02/2019 10:48
Մեր տնտեսության զարգացման հեռանկարն արտահանումն է. Վարչապետը ներկայացնում է կառավարության ծրագիրը
Կառավարության հիմնական խնդիրը համախառն ներքին արդյունքի կառուցվածքը փոխելն է այնպես, որ 5 տարի հետո մեր երկրի տնտեսության լոկոմոտիվը դառնան տեխնոլոգիաները և տեխնոլոգիական նորարարությունները, այսօր Ազգային ժողովի նստաշրջանի մեկնարկին, ներկայացնելով կառավարության 5-ամյա գործունեության ծրագրի նախագիծը, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ Փաշինյանը կառավարության ծրագիրն Ազգային ժողովում ներկայացնում է արդեն երկրորդ անգամ. առաջին անգամ Ազգային ժողովի հին կազմն էր, իսկ այժմ Փաշինյանը ծրագիրը ներկայացնում խորհրդարանական նոր կազմին, որտեղ մեծամասնությունը իր թիմակիցներն են։
Վարչապետը հստակեցրեց՝ խոսքը տեղեկատվական, արտադրական, կրթական, գյուղատնտեսական, զբոսաշրջանային, բնապահպանական, անվտանգային, պաշտպանական տեխնոլոգիաների մասին է։
«Կարճ ասած, մարդկային բոլոր ընդունակություններից նոր Հայաստանի շարժիչ ուժը պետք է լինի առաջին հերթին մարդկային միտքը, ինտելեկտը նախաձեռնությունը։ Մեր խնդիրը պետք է լինի այն, որ, օրինակ, գյուղատնտեսության ոլորտում զբաղված մեր հայրենակիցները ավելի քիչ ֆիզիկական աշխատանք կատարեն և ավելի շատ մտավոր աշխատանք, գյուղատնտեսական արտադրանքի թողարկման համար ավելի քիչ ֆիզիկական ուժ կիրառվի և ավելի շատ մտավոր ուժ, տեխնոլոգիա», - հայտարարեց Փաշինյանը։
Արտահանման զարգացումը, վարչապետի խոսքով, իր ղեկավարած կառավարության նպատակադրումների մաս է։
«Ներքին շուկան, իհարկե, կարող է ու պետք է հենման կետ լինի մեր տնտեսության բոլոր ճյուղերի համար, և ես կրկին մեր բոլոր հայրենակիցներին ուզում եմ կոչ անել բոլոր ոլորտներում նախընտրությունը տալ տեղական արտադրանքին, ծառայություններին։ Բայցևայնպես, մեր տնտեսության զարգացման հեռանկարը արտահանումն է, և մենք այստեղ ունենք անսահմանափակ հնարավորություններ», - հայտարարեց Փաշինյանը՝ որպես հնարավորություն ընդգծելով ԵԱՏՄ-ին անդամակցությունը, մի շարք երկրների հետ ազատ առևտրի ստորագրված համաձայնագրերը։
Որպես արտահանման ոլորտի խնդիր, կառավարության ղեկավարը նշեց հայկական ապրանքների համապատասխանեցումը միջազգային ստանդարտներին, համապատասխան ծավալների առկայությունը, ինչպես նաև մարքեթինգային խնդիրները։
«Մեր կառավարությունը ամեն ինչ անելու է բիզնեսին աջակցություն ցուցաբերելու հարցում։ Արտահանման ոլորտում մեր մեծագույն խնդիրը հանքանյութ արտահանող երկրից պատրաստի արտադրանք արտահանող երկիր դառնալն է։ Ընդ որում, այս կառուցվածքում բարձր տեխնոլոգիական ապրանքների արտահանման տեսակարար կշիռը մեծացնելը մեր առանցքային ամբիցիան է», - հայտարարեց վարչապետը։