12/02/2019 11:34
Հայաստանում պետք է լինի 0-ից բիզնես ստեղծելու հնարավորություն. Փաշինյանը՝ աղքատության հաղթահարման մասին (Տեսանյութ)
Հայաստանում աղքատության նվազեցման գործում մեծ դեր է ունենալու միկրոբիզնեսը հարկերից ազատելը, այսօր Ազգային ժողովում, ներկայացնելով կառավարության 5-ամյա գործունեության ծրագիրը, հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա շեշտեց, որ Հարկային օրենսգրքում կատարվող փոփոխություններով իր ղեկավարած կառավարությունն առաջարկում է մինչև 24 մլն տարեկան շրջանառություն ունեցող միկրոբիզնեսը ազատել տարբեր տեսակի հարկերից ու հույս հայտնեց, որ խորհրդարանը կընդունի այդ օրենսդրական փոփոխությունը։
«Մենք կարծում ենք, որ այս նորամուծությունը չափազանց կարևոր է աղքատության հաղթահարման տեսակետից։ ՀՀ-ում աղքատության հաղթահարման միջոցների ու մեթոդների վերաբերյալ կան տարբեր մոտեցումներ, և, ցավոք սրտի, աղքատություն հաղթահարել ասելով, շատ դեպքերում հասկացվում է աղքատ մարդկանց սնունդ, հագուստ և այլ նյութական միջոցներ մատակարարելը՝ առանց պատասխանելու հետևյալ հարցի՝ եթե դա հնարավոր է անել մինչև մեկ տարի, ապա դրանից հետո ի՞նչ է տեղի ունենալու», - նշեց Փաշինյանը՝ կրկնելով իր նախկինում ևս հայտնած միտքը, որ այս մտածողությունը ներդրվել է մարդկանց մեջ՝ կոռուպցիոն համակարգին ծառայելու համար։
Կառավարության ղեկավարն ընդգծեց, որ իր ղեկավարած կառավարության պատկերացումը աղքատության հաղթահարման հարցում առաջին հերթին աշխատանքն է։
«Չկա և չի կարող լինել աղքատության հաղթահարման որևէ այլ մեթոդ, քան աշխատանքն է։ Մենք պետք է օգնենք ՀՀ քաղաքացիներին, որ կարողանան իրենք իրենց համար ի վիճակի լինեն ստեղծել աշխատատեղեր ու հաղթահարեն աղքատությունը։ Մենք ասում ենք, որ Հայաստանում պետք է լինի 0-ից բիզնես ստեղծելու հնարավորություն», - խորհրդարանում հայտարարեց Փաշինյանը։
Իսկ 0-ից բիզնես ստեղծելու համար, ըստ կառավարության ղեկավարի, քաղաքացին կարող է ազատվել հարկերից, մեծացնել քաղաքացու ֆինանսական հոսքերը՝ էժան տոկոսներով վարկեր տրամադրելու համար ու օգնել, որ բիզնես կրթություն ստանա։