12/02/2019 18:00
ՀԿԵ-ի՝ կոնցեսիոն պայմանագրից հրաժարվելու հետևանքներն իրենց գգացնել կտան արդեն մի քանի ամսից. տնտեսագետ
Եթե «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը խզի կոնցեսիոն պայմանագիրը, դա հայաստանյան տնտեսության համար որոշակի բացասական հետևանքներ կունենա, արդյունքներն իրենց գգացնել կտան արդեն մի քանի ամսից, Aysor.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանն՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող այն տեղեկություններին, որ ռուսական կողմը քննարկում է Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիոն պայմանագրից հրաժարվելու հարցը։
Նրա խոսքով՝ գաղտնիք չէ, որ հատկապես բեռնափոխադրումների իրականացման հարցում «Հարավկովկասյան երկաթուղիները» որոշակի դերակատարում, այդուհանդերձ, ունի։
«Ճիշտ է, այդ համակարգը բավարար չափով զարգացած չէ, դրա համար էլ, երբ հանձնվում էր հավատարմագրային կառավարման, հստակ պահանջներ էին դրված ներդրումների, շարժակազմի թարմացման, որակի բարձրացման առումով։ Ամեն դեպքում, եթե «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը հրաժարվի պայմանագրից, կառավարությունը պետք է ձգտի ընկերությունն ավելի լավ պայմաններով մեկ այլ կազմակերպության հավատարմագրային կառավարման հանձնել», - նշեց տնտեսագետը։
Կառլեն Խաչատրյանը միաժամանակ ընդգծեց՝ ինքը դժվարությամբ է պատկերացնում, որ արտասահմանյան որևէ կազմակերպություն համաձայնի մուտք գործել հայաստանյան շուկա։ Պատճառն, ըստ նրա, երկաթուղու ենթակառուցվածքների, այդ թվում՝ ռելսերի մաշվածությունն է, որն ի վերջո խոչընդոտ է հանդիսանալու շուկայի գրավչության տեսակետից։
«Հույս ունեմ, որ պայմանագիրն, ամեն դեպքում, չի չեղարկվի կամ չեղարկվելու պարագայում մեր պետությունը կկարողանա ընկերությունն ավելի լավ պայմաններով հանձնել ուրիշ կազմակերպության․ մեն դեպքում, սրա հնարավորությունը շատ քիչ եմ համարում», - ամփոփեց տնտեսագետը։
Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ ՀՀ քննչական մարմիններում ՀԿԵ-ի դեմ գործեր են քննվում, ուսումնասիրում են ընկերության կատարած ներդրումների ծավալը, հարցաքննվում են աշխատակիցները։ Մասնավորապես, ՊԵԿ քննչականը հայտնաբերել էր 9,7 միլիոն դրամ ԱԱՀ չվճարելու փաստ և նյութերը փոխանցել Քննչական կոմիտեին։ Սա բարկացրել է ռուսական կողմին։