12/02/2019 15:38
Սիրիայում ռազմական ներկայության մասին Դավիթ Տոնոյանի հայտարարությունը շատ «դուխով» է. Սուրեն Սարգսյան
Եթե ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարում է, որ անհրաժեշտության դեպքում Հայաստանը պատրաստ է մասնակցելու Սիրիայում ռազմական գործողություններին, դա նշանակում է, որ մեր երկիրն ինչ-որ առումով ներգրավված է տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության մեջ և իր փոքր լուման է ներդրել այդ գործում, Aysor.am-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների մասնագետ, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։
Դ.Տոնոյանը, մասնավորապես, ասել էր, որ եթե լինեն այնպիսի հանգամանքներ, և եթե անհրաժեշտություն լինի նաև Սիրիայում ռազմական գործողություններին մասնակցելու, Հայաստանը անպայման կանի դա ևս օրենքի տառին համապատասխան։ «Իհարկե, միևնույն ժամանակ կաշխատենք համագործակցել արտախորհրդարանական ուժերի հետ՝ այդ հարցում որոշումը կայացնելու ժամանակ», - ասաց Տոնոյանը։
«Ես ողջունում եմ պաշտպանության նախարարի այսօրվա հայտարարությունը, որովհետև վերջիվերջո Հայաստանն այն պետությունն է, որը Սիրիայում հայ համայնք ունի։ Եթե մեր՝ այնտեղ գտնվելու նպատակներից մեկը մեր հայրենակիցների պաշտպանությունն է, ապա, իհարկե, Դավիթ Տոնոյանի այս հայտարարությունը միայն ողջունելի է։ Եթե նախկինում մենք ավելի մանրամասն չէինք անդրադառնում այս հարցին, ապա ուրախ եմ, որ այսօր պաշտպանության նախարարը հստակ դիրքորոշում հայտնեց։ Սա շատ դուխով հայտարարություն է», - ասաց քաղաքագետը։
Անդրադառնալով ռուս-ամերիկյան հարաբերությունների լարվածության ֆոնին հայկական կողմի նմանօրինակ հայտարարության ազդեցությանը՝ Սուրեն Սարգսյանը նկատեց, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների լարումը միայն Սիրիայի խնդրով պայմանավորված չէ. դրանք սկսել են սրվել մինչև սիրիական ճգնաժամում Ռուսաստանի դեմ լարվածությունը։
«Ռուսաստանի և Միացյալ Նահանգների լարված հարաբերությունները միայն Սիրիայով չեն պայմանավորված, և պատժամիջոցները, որ կիրառվում են Ռուսաստանի դեմ, պայմանավորված են ոչ միայն Սիրիայում ՌԴ գործունեությամբ, այլ նաև Վրաստանի և Ուկրաինայի դեպքերով։ Այնպես որ, ռուս-ամերիկյան հարաբերություններում Սիրիան ընդհանուր պատկերի միայն մեկ բաղադրիչն է», - համոզմունք հայտնեց քաղաքագետը։
Նրա խոսքով, Միացյալ Նահնագները շատ լավ հասկանում է, որ Հայաստանը Սիրիայում հստակ շահեր և համայնք ունի։
Հարցին՝ ինչպե՞ս կդիտարկի ՀՀ պաշտպանության նախարարի հայտարարությունը Սիրիայից ամերիկյան զորքի դուրսբերման համատեքստում, Սուրեն Սարգսյանը պատասխանեց.
«Եթե Միացյալ Նահանգները զորքը դուրս է բերում Սիրիայից, դա դեռ բացարձակապես չի նշանակում, որ ԱՄՆ ամբողջությամբ է դուրս գալիս Սիրիայից կամ հետաքրքրություններ այլևս չունի։ Միացյալ Նահանգները Սիրիայում կունենա այնքան ներկայացվածություն, որքան անհրաժեշտ է սեփական ազգային անվտանգության կամ իր ռազմավարական դաշնակցի անվտանգության շահերը սպասարկելու համար։ Ես կարծում եմ, որ եթե անգամ Միացյալ Նահանգների՝ Սիրիայում ունեցած 2 հազար զինվորականները հեռանան, դա դեռ չի նշանակի, որ ամերիկյան հետաքրքրություններն այս տարածաշրջանից դուրս են բերվում։ Շահերը կան, դրանք սպասարկվում են տարբեր մեթոդներով», - ամփոփեց մեր զրւցակիցը։