12/02/2019 12:40
Եթե անհրաժեշտություն լինի Սիրիայում նաև ռազմական գործողություններին մասնակցելու, Հայաստանը կանի դա ևս օրենքի տառին համապատասխան. Դավիթ Տոնոյան (Տեսանյութ)
Սիրիայում Հայաստանի Հանրապետության հումանիտար առաքելությունը իրականացվում է օրենքի տառին համապատասխան, Aysor.am-ի թղթակցի հարցին ի պատասխան ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
«Սիրիայի հետ մեր համագործակցության վերաբերյալ պաշտոնական լրահոսի մեջ եղել է նշված, որ եղել է գրավոր խնդրանք Սիրիայի դե ֆակտո իշխանություններից։ Եվ Հայաստանի Հանրապետության հումանիտար առաքելությունը իրականացվում է օրենքի տառին համապատասխան», - ասաց Դ.Տոնոյանը Կիպրոսի պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այսօր Երևանում։
Նախարարն ասաց նաև, որ եթե լինեն այնպիսի հանգամանքներ, և եթե անհրաժեշտություն լինի նաև ռազմական գործողություններին մասնակցելու, Հայաստանը անպայման կանի դա ևս օրենքի տառին համապատասխան։
«Իհարկե, միևնույն ժամանակ կաշխատենք համագործակցել արտախորհրդարանական ուժերի հետ՝ այդ հարցում որոշումը կայացնելու ժամանակ», - ասաց Տոնոյանը։
Հիշեցնենք՝ փետրվարի 8-ին Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն (ք.Հալեպ):