12/02/2019 11:08
ԱՐՄԵՆԱԼ գործարանը և Հայաստանի ազգային պոլիտեխնիկ համալսարանը ստորագրեցին համագործակցության պայմանագիր
Երևանի փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը և Հայաստանի ազգային պոլիտեխնիկ համալսարանը (ՀԱՊՀ) ստորագրեցին տեխնիկական մասնագետներ պատրաստելու համագործակցության պայմանագիր: Իրենց ստորագրությունները փաստաթղթի ներքո դրեցին «ՌՈՒՍԱԼ ԱՐՄԵՆԱԼ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արթուր Զաքարյանը և ՀԱՊՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը:
Պայամանագրի համաձայն՝ ՀԱՊՀ-ն պարտավորվում է ապահովել իր շրջանավարտների նպատակային նախապատրաստումը ԱՐՄԵՆԱԼում աշխատելու համար: Բուհի ուսումնական ծրագրերը նաև կուրսային և ավարտական աշխատանքների թեմատիկան կվերանայվեն ձեռնարկության պահանջներին համապատասխան: Պոլիտեխնիկական համալսարանը կօգնի ԱՐՄԵՆԱԼի աշխատակիցներին որակավորման բարձրացման, մագիստրատուրայում և ասպիրանտուրայում ուսուցման, թեկնածուական ատենախոսությունների պաշտպանության կազմակերպման և գիտաժողովների մասնակցության գործում:
ԱՐՄԵՆԱԼը իր հերթին պատրաստ է հաստիքակազմի համապատասխան ապահովել ՀԱՊՀ շրջանավարտներին պայմանագրում նշված մասնագետությունների գծով աշխատատեղերով: Ուսանողների համար գործարանը կկազմակերպի արտադրական և նախադիպլոմային պրակտիկա, կհատկացնի փորձառու ճարտարագետներ կուրսային և ավարտական նախագծերի ղեկավարման նպատակով:
«Մեր պայմանագրի գործունեության ժամկետը 5 տարի է՝ երկարաձգման հնարավորությամբ, - ասաց «ՌՈՒՍԱԼ ԱՐՄԵՆԱԼ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արթուր Զաքարյանը: - Այս փաստաթուղթը դարձավ տրամաբանական շարունակությունը 2002 թ. հունիսին Պոլիտեխնիկական համալսարանի և ԱՐՄԵՆԱԼի միջև կնքված պայմանագրի՝ հիմք ստեղծելով մեր գործարանի և հանրապետության առաջատար տեխնիկական բուհի միջև արգասավոր ու փոխշահավետ համագործակցության համար»: