12/02/2019 12:57
Հայաստանի դատական համակարգում առողջացման գործընթացներ են տեղի ունենում. Նիկոլ Փաշինյան
Մեր կառավարությունը իր գործունեության վերջին 10 ամսվա ընթացքում դատական իշխանության անկախությունը ապահովելու առումով հասել է աննախադեպ հաջողությունների, այսօր Ազգային ժողովում Կառավարության գործունեության ծրագրի ներկայացման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ իրենք որդեգրել են սկզբունք՝ չմիջամտել դատական համակարգի գործունեությանը։
«Այս իրավիճակը որոշակի խնդիրներ է առաջացնում հանրային ընկալման շրջանում, բայց ես ուզում եմ ասել, որ մեր պատկերացմամբ, դատական համակարգի անկախությունն ապահովելու կարևորագույն երաշխիքը հենց սա է՝ պետք է Հայաստանում լինի իշխանությունը, որը ունենա քաղաքական կամք՝ ապահովելու անկախ դատական համակարգի գործունեությունը, որն ուժ ունենա առերեսվելու երկրում անկախ դատական համակարգին։ Ես կարող եմ արձանագրել, որ Հայաստանում հաստատված է այդպիսի կառավարություն, և մենք չենք շեղվելու այս ուղեգծից», - նշեց վարչապետը։
Այդուհանդերձ, կառավարության ղեկավարը նկատեց, որ կան ռիսկեր՝ հաշվի առնելով երկրի դատական իշխանության նախկին փորձը, երբ սովոր են եղել աշխատել հրահանգավորմամբ։
«Հիմնական ռիսկը այսօր հետևյալն է՝ արդյոք կառավարության հրաժարումի պայմաններում չեն ձևավորվում հրահանգավորման այլ մեխանիզմներ այլ տեղերից, իշխանության տարբեր օղակներից, այդ թվում՝ իշխանությունից դուրս գտնվող։ Սրանք ռիսկեր են, որոնք, իհարկե, Հայաստանի կառավարությունը պետք է կառավարի։ Բայց ընդհանուր առմամբ, մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանում տեղի են ունենում դատական համակարգում առողջացման գործընթացներ», - հավելեց Փաշինյանը։