13/02/2019 14:05
Անի Սամսոնյանը Ազգային ժողովում հիշել է Փաշինյանի ազատազրկման տարիները (Տեսանյութ)
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հիշեցրել է նրա ազատազրկման տարիները: Հիշեցման պատճառը վարչապետի երեկվա հայտարարությունն էր, որ Հայաստանում պրոբացիայի ծառայությունն արդյունավետ չի աշխատում և պետք է հասկանալ խնդիրը ու փորձել լուծել:
Սամսոնյանն իր ելույթում փորձեց պարզել՝ ճի՞շտ է հասկացել, որ վարչապետը չի հավատում ազատազրկված անձանց վերասոցիալականացման հնարավորությանը, քանզի ցանկացած կայացած երկրում կիրառվում են նման համակարգ:
«Ստացվում է, որ միջազգային կառույցների, փորձագետների, մարդու իրավունքների պաշտպանի, հասարակական կազմակերպությունների և այս համակարգը ներդրողների ջանքերն իզուր են: Ասում եք՝ ձեր այս համոզմունքը պայմանավորված է նախկինում դատապարտյալի կարգավիճակով: Պարոն Փաշինյան, դուք անազատության մեջ եք հայտնվել ժողովրդի կողմից ատելի քաղաքական ուժի հետապնդման հետևանքով, դուք այս ծառայության կարիքը չէիք էլ ունենա, որովհետև դուք եղել եք քաղբանտարկյալ և հասարակությանը վերաինտեգրվելու, սոցիալականացվելու խնդիր չունեիք: Մարդիկ ձեզ ընդունել են գրկաբաց, համարել են հերոս ու տվել են վստահության քվե: Այս առումով պրոբացիան կարող էր ձեզ պետք չգալ և դուք չպետք է դրան նայեք ձեր պրիզմայով», - դիմելով դահլիճում նստած վարչապետին՝ հայտարարեց Անի Սամսոնյանը:
Նա հույս հայտնեց, որ վարչապետը կվերանայի իր «սկեպտիկ մոտեցումները», և պետությունը այս հարցում կկատարի իր «պոզիտիվ պարտավորությունը»: