13/02/2019 20:25
Մեր աջակցությունը Սիրիայի ժողովրդին որևիցե ձևով շահարկման առիթ չի կարող հանդիսանալ. Դավիթ Տոնոյան
Ես կարծում եմ թարգմանության որոշ խնդիրներ կան, ոչ թե չեն պաշտպանում, այլ՝ չեն աջակցում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ՝ անդրադառնալով ԱՄՆ Պետքարտուղարության դիրքորոշմանը՝ Սիրիա հայ մասնագետների խումբ ուղարկելու վերաբերյալ։
«Մենք Սիրիա են գործուղել հումանիտար կոնտինգենտ, այլ ոչ թե զինվորականներ», - ասաց նա։
Տոնոյանը նշեց, թե, երևի, հարցումներ են եղել հայկական հասարակությունից Պետդեպարտամենտ, որի պատճառներն իր համար անհասկանալի են։
«Իրենք իրենց կարծիքը հայտնել են, որ չեն աջակցում մեր գործողությունը՝ համատեղ ՌԴ-ի հետ», - ասաց ՀՀ պաշտպանության նախարարը։
Նա ասաց, որ Սիրիա կոնտինգենտ գործուղելու որոշումը եղել է իրավաչափ։
«Եվ այստեղ հարց լինել չի կարող։ ԱՄՆ դեպարտամենտին արձագանքելու է ՀՀ արտաքին գործերի նախարարությոնը», - ասաց Տոնոյանը։
ՀՀ պաշտպանության նախարարն ասաց, թե կարծում է, որ այս հարցում կա որոշակի աշխարհաքաղաքական հակասություն։
«Բայց մեր աջակցությունը Սիրիայի ժողովրդին, որի մաս է կազմում հայկական համայնքը, կարծում եմ, բարոյական առումով խոցելի է ու որևիցե ձևով շահարկման առիթ չի կարող հանդիսանալ», - ասաց Դավիթ Տոնոյանը։
Նա ընդգծեց՝ եթե որևիցե պայմաններում հանգամանքներ լինեն, որ անհրաժեշտություն լինի աշխարհի ցանկացած կետում ռազմական գործողություններին ներգրավումը ՀՀ Զինված ուժերին, լինելու է օրենքի տառով։
Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը Aysor.am-ի հարցմանն ի պատասխան տրամադրել է ԱՄՆ Պետքարտուղարության դիրքորոշումը Սիրիա հայ մասնագետների խումբ ուղարկելու վերաբերյալ:
«Մեզ հասկանալի է Սիրիայի մարդասիրական իրավիճակին արձագանքելու այլ պետությունների ցանկությունը, և մենք կիսում ենք Մերձավոր Արևելքում կրոնական փոքրամասնությունների պաշտպանության շուրջ մտահոգությունները», - ասված է Aysor.am-ին տրամադրված պատասխանում:
«Այնուհանդերձ, մենք չենք պաշտպանում Սիրիայի զինված ուժերի հետ ներգրավվածությունը՝ լինի քաղաքացիական անձանց օգնություն ցուցաբերելու նպատակով, թե ռազմական ուղղվածության:
Մենք նաև չենք պաշտպանում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունն այս առաքելության նպատակով: Ռուսաստանը գործակցել է Ասադի ռեժիմի հետ՝ կոտորածի ենթարկելով քաղաքացիական անձանց և պատճառ դառնալով մարդասիրական աղետի: Ռուսաստանը շարունակում է գլոբալ հարթակում հանդես գալ Ասադի ռեժիմի և վերջինիս վայրագությունների պաշտպանության դիրքերից», - ասված է ԱՄՆ Պետքարտուղարության պատասխանում: