13/02/2019 12:31
Ներկա կառավարությունը բոլոր մակարդակներում օրենքի սահմանադրականության ու իրավունքի պրոբլեմ ունի. Արծվիկ Մինասյան
Ներկա կառավարությունը բոլոր մակարդակներում օրենքի սահմանադրականության ու իրավունքի պրոբլեմ ունի, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը։
«Հաճախ կամ չեն ծանոթանում օրենքի կամ Սահմանադրության համապատասխան դրույթին, կամ պատշաճ ձևով չեն ներկայացնում իրավական վերլուծություն, մոտեցում, որի արդյունքում մենք արձանագրում ենք՝ հաճախ տեսնում ենք իրավունքի ու օրենքի հակասող մոտեցումներ», - ասաց նա։
Արծվիկ Մինասյանը հիշեցրեց, որ վարչապետն իր նշանակումից անմիջապես հետո պարտավոր է հինգօրյա ժամկետում ներկայացնել կառավարության անդամների թեկնածուների առաջարկումը ՀՀ նախագահին։
«Որևէ օրենքի նորմ չի սահմանում բացառություն, որ դուք կարող եք մի մասին ներկայացնել», - ասաց Ա. Մինասյանը։
Նա նշեց, որ գործ ունենք ոչ միայն անփորձության, նաև՝ պարզագույն օրենսդրությանը ծանոթանալու կամ դրանց հիման վրա գործելու ոչ բավարար ցանկության հետ։
«Կառավարության ծրագիրը դարձել է անչափելի, դարձել է, ըստ էության, պատասխանատվությունից խուսափելու առարկայական փաստ ու եթե սրան գումարենք այն, որ կադրային քաղաքականության մեջ անընդհատ արձանագրում ենք ձախողումներ, մենք պետք է փաստենք, որ շատ մեծ անելիքներ կան», - ասաց Ա. Մինասյանը։