13/02/2019 20:40
Չորս միավորով չենք բավարարվելու, ՍՈՒ 30-ի ձեռքբերումը շարունակվելու է. Պաշտպանության նախարար
Հինգ տարվա մեջ մենք մեծ քայլերի ենք գնալու, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ խոսելով կառավարության ծրագրի մասին։
«Այն հագեցվածությունը, որ մենք ունենալու ենք, հնարավորություն է տալու, որպեսզի չեզոքացնենք ռազմական գործողությունների վերսկսման բոլոր ռիսկերը», - ասաց նա։
Դավիթ Տոնոյանն ընդգծեց, թե իրեն շատ է ուրախացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, ըստ որի՝ պետությունից գողացված գումարներն ուղղվելու է Զինված ուժերի զարգացմանը։
«Դա ինձ շատ է ուրախացնում, արդեն իսկ սկսվել է, չեմ կարող ասել գումարը, բայց բավարարում է, որպեսզի համապատասխան միջոցներ ձեռնարկենք», - ասաց նա։
Հարցին՝ շարունակվելո՞ւ է ՍՈՒ 30-ի ձեռքբերումը, Դավիթ Տոնոյանը պատասխանեց. «Այո, մենք չորս միավորով չենք բավարարվելու»։
Նա ասաց, որ այս պահին կործանիչները Հայաստանում չեն։
«Կործանիչները, ըստ պայմանագրի, պետք է հայտնվեն համապատասխան ժամանակահատվածում ՀՀ-ում», - ասաց նա։