13/02/2019 13:30
Սիրիայի հարցում ԱՄՆ կոշտ արձագանքը կանխատեսելի էր. Երևանն այժմ պետք է ավելի ակտիվ աշխատի Վաշինգթոնի հետ. Սուրեն Սարգսյան
Լիովին կանխատեսելի էր, որ Հայաստանից Սիրիա մարդասիրական առաքելություն ուղարկելու փաստն ամերիկյան կողմից այսպիսի արձագանք էր ստանալու. ոչ մեկի համար գաղտնիք չէր, որ Միացյալ Նահանգները հենց այսպես էլ արձագանքելու էր գործընթացին, Aysor.am-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների մասնագետ, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարության՝ Aysor.am-ի հարցմանը տրամադրած պատասխանին, որ Միացյալ նահանգները չի պաշտպանում Սիրիայի զինված ուժերի հետ ներգրավվածությունը:
«Մարդասիրական առաքելություն Սիրիա ուղարկել ենք նաև նախկինում, սակայն Միացյալ Նահանագների կողմից որևէ վերապահում կամ կոշտ հայտարարություն չի եղել։ Միևնույն ժամանակ, պետք է հաշվի առնենք, որ առաջին անգամ ԱՄՆ-ից կոշտ արձագանք եղավ այն ժամանակ, երբ մեր Անվտանգության խորհրդի քարտուղարը անզգուշորեն, թե կանխամտածված ասաց, որ Հայաստանը ողջունում է Ռուսաստանի գործողությունները Սիրիայում։ Դրանից հետո եղավ առաջին կոշտ արձագանքը։ Երկրորդ կոշտ արձագանքն այսօրվա հայտարարությունն էր՝ հայ մասնագետների՝ Սիրիա գործուղվելուց հետո», - ասաց մեր զրուցակիցը։
Սուրեն Սարգսյանի համոզմամբ, Հայաստանն այժմ պետք է ավելի ակտիվ աշխատի պաշտոնական Վաշինգթոնի հետ՝ առավել մանրամասն ներկայացնելու մեր՝ Սիրիայում գտնվելու հանգամանքը, թե ինչու է Հայաստանն այնտեղ մարդասիրական առաքելություն ուղարկել, ինչ է այդ երկրում պատրաստվում անելու։
«Պետք է ավելի ակտիվ և հետևողական աշխատանք տարվի, որպեսզի վերապահումներ այլևս չլինեն։ Հայաստանը բոլոր ուղղություններով, բոլոր գերատեսչությունների մասով պետք է աշխատանքներ իրականացնի՝ թե պաշտպանության նախարարության, թե արտաքին գործերի նախարարության և թե այլ մարմինների միջոցով։ Իհարկե, Միացյալ Նահանգների դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվելու, ոչ էլ, ըստ էության, խմբագրվելու է, բայց մեր ակտիվ աշխատանքի արդյունքում ԱՄՆ-ը կարող է քայլեր և գործողություններ չկիրառել։ Հիշեցնեմ, որ Վաշինգթոնի կողմից Իրանի և Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների մի մասը նաև պայմանավորված է եղել այդ պետությունների՝ սիրիական ճգնաժամում ներգրավվածությամբ», - ասաց քաղաքագետը։
Սուրեն Սարգսյանն ընդգծեց՝ Հայաստանը պետք է ցույց տա, որ իր ներգրավվածությունը բացառապես խաղաղապահ բնույթ է կրում և ձևափոխումների չի ենթարկվել։
«Միացյալ Նահանգները գերտերություն է, և այդ հանգամանքը հաշվի առնելով՝ հայկական կողմը պետք է իր հարաբերությունները գերտերության հետ ոչ թե լարի, այլ հակառակը՝ տարբեր ուղղություններով զարգացնի։ Այս աշխատանքը շատ կարևոր է», - շեշտեց Aysor.am-ի զրուցակիցը։