13/02/2019 14:57
Կառավարության ծրագիրն ընդդիմության կողմից բովանդակային քննարկման չարժանացավ, որի համար ցավում եմ. փոխվարչապետ
Կառավարության ծրագրի բովանդակության հետ ընդդիմության կողմից կառուցողական առաջարկություն չլսեցի, լրագրողներին ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Խոսում են կոնցեպտուալ խնդրի մասին՝ ինչի թիվ չկա, ինչի կա… անընդհատ այս բանավեճի մեջ ենք: Այն ինչ գրված էր տնտեսության մոդելի առումով, ներառականության առումով, մրցակցության և արտահանման ճյուղեր առումով, բովանդակային քննարկման չարժանացավ, որի համար ցավում եմ: Կցանկանայի, որ վերադառնայինք կառուցողական դաշտ և ավելի բովանդակային քննարկումներ ծավալեինք», - ասաց Ավինյանը:
Անդրադառնալով երեկ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հնչեցրած քննադատություններին, թե կառավարության կողմից արհմարհական վերաբերմունք է առանց խորհրդարանական ուժերի հետ քննարկման՝ կառավարության ծրագիրը բերել ԱԺ, Ավինյանն ասաց.
«Չգիտեմ՝ ինչպիսի ավանդույթներ են եղել Հանրապետականների ժամանակ, բայց սա կառավարության ծրագիրն է, որը 20-օրյա ժամկետում է ներկայացվում: Դրա պատասխանը կրում է կառավարությունը, բայց սա կառավարության և ԱԺ ծրագիրը չէ», - ասաց նա: