13/02/2019 12:40
Կառավարության ծրագիրը զուրկ է գաղափարական հենքից. Արծվիկ Մինասյան
ՀՀ կառավարության ծրագիրը զուրկ է գաղափարական հենքից, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը։
«Գրված է, որ այն հիմնված է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի վրա։ Որևէ մեկը, ես չեմ կարծում, որ հասարակության մեջ՝ ներառյալ դաշինքից շատերը, կարող են գաղափարախոսական ծրագիր համարել», - ասաց նա։
Արծվիկ Մինասյանն ընդգծեց՝ ծրագրում չկա ընդգծված մոտեցում, պատկերացում։
«Այս ծրագրի եզրափակիչ մասում անտեսված են արտախորհրդարանական քաղաքական ուժերը, կարծեք թե, երկրի կառավարության գործում այս ուժերը դերակատարություն չպետք է ունենան, կարծեք թե, Հայաստանը կառուցված է միայն հաղթող իշխող ուժից ու ԱԺ-ում ներկայացված մյուս ուժերից, դա այդպես չէ», - ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը։
Նա ասաց՝ իրենք, ինչպես նաև արտախորհրդարանական մյուս ուժերը, ցույց կտան, որ, ոչ, երկիրը պետք է կառավարվի բոլորի կողմից՝ գաղափարական, ծրագրային կոնկրետ առաջարկների ու լավագույն որոշումներ կայացնելու սկզբունքի հիման վրա։