13/02/2019 12:47
Պարզվեց, որ տնտեսական հեղափոխություն ասվածը զանգվածային մասնակցությունն է տնտեսական կյանքին. Խոսրով Հարությունյան
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը կարծում է, թե շփոթ կա այն հասկացության մեջ, երբ ասում են, թե երկրում տնտեսական հեղափոխություն է լինելու։
«Այստեղ կա հասկացությունների շփոթ, հիմնական շփոթը գալիս է նրանից, որ անցյալ տարվա ընթացքում կառավարության նախորդ ծրագիրը ներկայացնելիս խոսք եղավ կտրուկ աճ ապահովելու մասին։ Եվ բոլորը կարծում էին, թե թռիչքաձև զարգացումը ենթադրում է հեղափոխական բարեփոխումներ, սպասում էին նաև այդպիսի լուծումներ։ Մինչդեռ երեկ ծրագիրը ներկայացնելիս պարզվեց, որ տնտեսական հեղափոխություն ասվածը զանգվածային մասնակցությունն է տնտեսական կյանքին», - ասաց Խոսրով Հարությունյանը։
Կառավարության ծրագրում, ըստ Հարությունյանի, բացակայում են ռազմավարական նշանակություն ունեցող կարևոր դրույթներ։
«Հայաստանի պարագայում շատ կարևոր կլիներ ինստիտուցիոնալ այնպիսի բարեփոխումների մասին խոսել, որոնք կարող են երաշխավորել արտաքին բացասական ազդեցություններին հաջողությամբ դիմագրավելու մեր կարողությունների զարգացման մասին։ Այս բլոկը ես ծրագրում չեմ տեսել», - նշեց Խոսրով Հարությունյանը։