13/02/2019 21:48
Ի գիտություն ենք ընդունել Սիրիայում հայկական մարդասիրական առաքելության տեղակայման հետ կապված ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը. ՀՀ ԱԳՆ
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ի գիտություն է ընդունել Սիրիայում հայկական մարդասիրական առաքելության տեղակայման հետ կապված ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը:
«Ի գիտություն ենք ընդունել Սիրիայում հայկական մարդասիրական առաքելության (ՀՄԱ) տեղակայման հետ կապված ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը: Հայաստանը և Միացյալ Նահանգներն արդեն երկար ժամանակ է, ինչ միասնաբար ջանքեր են գործադրում արձագանքելու Սիրիայում ընթացող մարդասիրական աղետին, որն ուղեկցվում է փախստականների և տեղահանվածների զանգվածային ճգնաժամով: Կրկնենք, որ սիրիական հակամարտության ամբողջ ընթացքում աշխարհասփյուռ հայ ժողովուրդը մշտապես մտահոգությամբ է հետևել քաղաքացիական բնակչության, փոքրամասնությունների, այդ թվում՝ սիրիահայ հոծ համայնքի ճակատագրին», - ասված է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի մեկնաբանությունում։
Նրա խոսքով, հայկական հանրային կարծիքը խորը մտահոգություն և կարեկցանք է դրսևորել քաղաքացիական բնակչության տառապանքների և երկրի ավերման նկատմամբ:
«Խոսքը գնում է մի երկրի մասին, որն առանցքային ներդրում է ունեցել ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ ժողովրդի գոյատևման հարցում: Սիրիական ճգնաժամի ողջ ընթացքում Հալեպում չի դադարել գործել Հայաստանի Գլխավոր հյուպատոսը: Մինչ օրս Հայաստանն ապաստան է տվել ավելի քան 22000 սիրիացի փախստականների և մոտ չորս օդանավ մարդասիրական օգնություն է տրամադրել Սիրիայի ժողովրդին: Հարաբերական անդորրի ու անվտանգության հասատաումից հետո Հայաստանը մտադրված է շարունակել իր ներդրումը մարդասիրական առաքելությանը, ներառյալ՝ տրամադրելով բժիշկներ և մարդասիրական ականազերծողներ՝ աջակցելու հակամարտությունից տուժած Հալեպի քաղաքացիական բնակչության կենսագործությունեության բարելավմանը» - ասել է Ա.Նաղդալյանը։
Նա ընդգծել է, որ հայկական առաքելությունը բացառապես մարդասիրական բնույթ ունի, առաջնորդվում է միջազգային մարդասիրական իրավունքով և իր գործունեությունը համակարգելու է տեղում մարդասիրական օգնություն ցուցաբերող կառույցների և միջազգային գործընկերների հետ:
«Մենք կիսում ենք միջազգային հանրության մտահոգությունները՝ կապված Մերձավոր Արևելքում էթնիկ և կրոնական փոքրամասնությունների իրավիճակի հետ և կարևորում Սիրիայում մարդասիրական աջակցության շարունակական տրամադրումը», - նշել է Ա.Նաղդալյանը։
Ավելի վաղ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը Aysor.am-ի հարցմանն ի պատասխան տրամադրել էր ԱՄՆ Պետքարտուղարության դիրքորոշումը Սիրիա հայ մասնագետների խումբ ուղարկելու վերաբերյալ:
«Մեզ հասկանալի է Սիրիայի մարդասիրական իրավիճակին արձագանքելու այլ պետությունների ցանկությունը, և մենք կիսում ենք Մերձավոր Արևելքում կրոնական փոքրամասնությունների պաշտպանության շուրջ մտահոգությունները», - ասված է Aysor.am-ին տրամադրված պատասխանում:
«Այնուհանդերձ, մենք չենք պաշտպանում Սիրիայի զինված ուժերի հետ ներգրավվածությունը՝ լինի քաղաքացիական անձանց օգնություն ցուցաբերելու նպատակով, թե ռազմական ուղղվածության:
Մենք նաև չենք պաշտպանում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունն այս առաքելության նպատակով: Ռուսաստանը գործակցել է Ասադի ռեժիմի հետ՝ կոտորածի ենթարկելով քաղաքացիական անձանց և պատճառ դառնալով մարդասիրական աղետի: Ռուսաստանը շարունակում է գլոբալ հարթակում հանդես գալ Ասադի ռեժիմի և վերջինիս վայրագությունների պաշտպանության դիրքերից», - ասված է ԱՄՆ Պետքարտուղարության պատասխանում: