13/02/2019 14:03
Հայաստանը Սիրիայում ռազմական գործողություններին մասնակցելու ծրագրեր չունի. Փաշինյանի և Տոնոյանի հակասական հայտարարությունները
Սիրիա Հայաստանը ուղարկել է հումանիտար առաքելություն, այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:
Պատգամավորը հետաքրքրվում էր, թե արդյոք հայկական կողմը Սիրիայում իր ներկայությամբ չի՞ թիրախավորում հայ համայնքը, հնարավո՞ր է որևէ պահի հայկական կողմը ներգրավվի այնտեղ ծավալվող ռազմական գործողություններին և ե՞րբ է Հայաստանը ծրագրում դուրս գալ այնտեղից:
«Սիրիա մենք ուղարկել ենք հումանիտար առաքելություն: Ինչ վերաբերում է պաշտպանության նախարարի պատասխանին՝ պետք է պարզել՝ ինչ հարց է հնչել և ինչ հարցի համատեքստում է նա այդպիսի հայտարարություններ արել: Մենք նման պլաններ չունենք», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
Փետրվարի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, պատասխանելով Aysor.am-ի թղթակցի հարցին, հայտարարել էր, որ Սիրիայում Հայաստանի հումանիտար առաքելությունն իրականացվում է օրենքի տառին համապատասխան։
Լրագրողը Դ.Տոնոյանին խնդրել էր անդրադառնալ Սիրիա ուղարկված առաքելությանը՝ նշելով, որ հակասական հայտարարություններ են եղել:
«Ես չգիտեմ՝ ինչ է նշանակում հակասական հայտարարություններ...», - արձագանքում է նախարարը:
Aysor.am-ի թղթակիցը խնդրում է մեկնաբանել տեղեկությունը, թե Սիրիա հայկական առաքելություն ուղարկելու պայմանավորվածությունը եղել է բանավոր:
Այդ մասին, հիշեցնենք, հայտարարել էր Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:
Նշելով, որ Սիրիա առաքելություն ուղարկելու վերաբերյալ եղել է գրավոր խնդրանք այդ երկրի դե ֆակտո իշխանություններից, Դ. Տոնոյանն ավելացնում է.
«Եվ կարող եմ ևս մեկ բան նշել ի հավելումն, որ եթե լինեն այնպիսի հանգամանքներ, և եթե անհրաժեշտություն լինի նաև ռազմական գործողություններին մասնակցելու, Հայաստանը անպայման կանի դա ևս օրենքի տառին համապատասխան։ Իհարկե, միևնույն ժամանակ կաշխատենք համագործակցել արտախորհրդարանական ուժերի հետ՝ այդ հարցում որոշումը կայացնելու ժամանակ»։
Հիշեցնենք՝ ԱՄՆ պետքարտուղարությունն՝ Aysor.am-ի հարցմանը ի պատասխան հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի պաշտպանում Սիրիայի զինված ուժերի հետ ներգրավվածությունը, և չի պաշտպանում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունն այս առաքելության նպատակով: