14/02/2019 14:23
Հայաստանի կատարած քայլերը որոշ հույսեր են արթնացրել Ադրբեջանի նախագահի մոտ. քաղաքագետ
Վերջին մի քանի ամիսների ընթացքում Ադրբեջանը լուրջ առավելություն է ձեռք բերել, բանակցային գործընթացում նրա դիրքերը շատ ավելի լավն են, քան նախկինում, Aysor.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց քաղաքագետ Աղասի Ենոքյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե Ադրբեջանն այսօր առավելություն ունի թե՛ բանակցային սեղանի շուրջ, թե՛ մարտի դաշտում։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի շահեկան դիրքը երևում է թե՛ հռետորաբանության փոփոխությունից, թե՛ նախկինում եղած ձևակերպումների առավել կոշտացումից։
«Այս ամենով հանդերձ՝ կարող եմ ասել, որ Իլհամ Ալիևի նկատառումը ճիշտ է։ Ինչ վերաբերում է մարտի դաշտում Ադրբեջանի կարգավիճակին, ապա դատելով բաց աղբյուրներից և այն տեղեկություններից, թե ինչ քանակությամբ զինատեսակներ է հակառակորդ երկիրը ձեռք բերել վերջին տարիների ընթացքում, ապա, այո, կարող ենք ասել, որ Ալիևն այստեղ ևս ճիշտ է», - նշեց Աղասի Ենոքյանը։
Անդրադառնալով ադրբեջնական Real TV-ին տված հարցազրույցում Ալիևի հայտնած այն մտքին, որ Արցախյան հակամարտությունը պետք է կարգավորվի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում՝ քաղաքագետը նկատեց, որ սա Ադրբեջանի երազանքն է, և այս ընթացքում բանակցային գործընթացում Հայաստանի կատարած քայլերն ինչ-ինչ հույսեր են արթնացրել Ադրբեջանի նախագահի մոտ։
«Բայց կարծում եմ, որ թե՛ Հայաստանը, և թե՛ ԵԱՀԿ միջնորդները նման չբալանսավորված լուծումներ թույլ չեն տա։ Ամեն դեպքում, Ալիևի այս հայտարարությունն ուղղված է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին լսարանին, և կարելի է ասել, որ հակառակորդ երկրի ղեկավարի նման հռետորաբանությունը պայմանավորված է Ադրբեջանի առաջ քայլերով կամ ավելի շուտ՝ Հայաստանի հետքայլերով», - ասաց նա։
Ինչ վերաբերում է Իլհամ Ալիևի հայտարարությանը, որ «այսօր աշխարհում ուժի գործոնը դառնում է գերակշռող, և «ուժն է ծնում իրավունք», Աղասի Ենոքյանը նկատեց, որ Ադրբեջանի ղեկավարն իրեն նման արտահայտություն թույլ է տալիս մի շատ պարզ պատճառով՝ քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջ չեն մղում ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի բացառման նախապայմանը։
«Իհարկե, աշխարհում միայն ուժը չէ, որ ամեն ինչ որոշում է։ Աշխարհում խնդիրները լուծվում են տարբեր գործոնների համադրմամբ», - ասաց քաղաքագետը։