14/02/2019 11:28
Ի՞նչ այգի, ի՞նչ այգեպան, ի՞նչ հիմն, ի՞նչ դրոշ, երբ պետականության կենսական ինստիտուտները չենք կարողանում պաշտպանել. Արման Բաբաջանյան (Տեսանյութ)
ԼՀԿ պատգամավոր Արման Բաբաջանյանը պնդում է՝ անցած 10 ամիսը բավական էր այնպիսի ծրագրի մշակման համար, որը առաջիկա ոչ միայն 5, այլ 15 տարվա զարգացման ուղենիշը կարող էր դառնալ:
«Այս փաստաթուղթը ապառազմավարական, ապահայեցակարգային փաստաթուղթ է: Կառավարության հնգամյա ծրագիրը չի պարունակում որևէ ստրատեգիական հենք», - խորհրդարանում իր ելույթում ասաց նա:
Բաբաջանյանն ընդգծեց, որ ըստ ծրագրի՝ Հայաստանը վարելու է ինքնամեկուսացվող, միավեկտոր քաղաքականություն ու նոր իշխանության կողմից չեն ձեռնարկվում միջոցներ՝ ռազմավարական գործընկերներ գտնելու, դաշնակցային հարաբերություններ հաստատելու և երկրի արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու ուղղությամբ:
«Այստեղ նկարագրված արքատին քաղաքական հարաբերությունները հանգեցնում են մտավախության՝ մենք մեր արտաքին քաղաքական հարաբերությունները շարունակելու ենք վարել՝ հաշվի առենլով ոչ թե Հայաստանի և հայության շահը, այլ ելնելով երրորդ երկրի անփոխարինելիության սկբունքից և նրա առջև ինչ-ինչ պարտավորություններից», - ասաց նա՝ հավելով, որ ՌԴ-ն դե ֆակտո հանդես է գալիս արտաքին հարաբերությունների խոչընդոտ և աշխարհի հետ հարաբերվելու չարաբաստիկ պրիզմա, մինչդեռ ՌԴ հետ հարաբերությունների խորացումը պետք է հիմնված լինի ՀՀ արժանապատվության և ինքիշխանության հարգանքի վրա:
Անդրադառնալով «Իմ քայլի» պատգամավորների կողմից ծրագրի մասին պատկերավոր հնչած ելույթներին՝ պատգամավորը կոչ արեց դրանց փոխարեն պետականության համար կենսական ինստիտուտները պաշտպանել՝ չշեղվելով կարևոր հարցերից:
«Ձեր նշանակած ոստիկանապետին դատարանում ասում են «լակոտ», ձեզնից և ոչ մեկը նրան չի պաշտապանում, համարձակություն չի ունենում նրան զորավիգ լինել: Երեկ էլ արդեն պաշտպանության նախարարին էին հաթաթա տալիս, մինչև ե՞րբ:
Ի՞նչ այգի, ի՞նչ այգեպան, ի՞նչ հիմն, ի՞նչ դրոշ, երբ պետականության համար կենսական այս ինստիտուտները չենք կարողանում միասնական պաշտպանել», - ասաց նա: