14/02/2019 14:03
Սահմանադրական դատարանը քննության է ընդունել Ռոբերտ Քոչարյանի դիմումը
ՀՀ Սահմանադրական դատարանը քննության է ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը՝ Քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ:
«Հունվարի 18-ին էինք այս դիմումը ներկայացրել, որը երկորդն էր։ Մենք երեք դիմումներ ենք ներկայացրել Սահմանադրական դատարան», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՍԴ-ում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը։
Նա ասաց, որ առաջինը վարույթ չէր ընդունվել, սակայն այն խնդիրը, որը բարձրաձայնվել էր, դատարանը համակարծիք է եղել իրենց հետ։
«Երկրորդ դիմումը վերաբերում էր Քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասին։ Վճռաբեկ դատարանը, ըստ էության, չլուծող դատական ակտերի մասով, ըստ օրենսգրքի, ունի երկու լիազորություն՝ մերժել վճռաբեկ բողոքը կամ կայացնել նոր դատական ակտ։ Վճռաբեկ դատարանը իր իսկ նախադեպային որոշմամբ արձանագրել էր հետևյալը՝ 419-րդ հոդվածի 2-րդ մասը պետք է ընկալել այնպես, ինչպես նախատեսված է 1-ին մասով», - ասաց նա։
Արամ Վարդևանյանը նշեց, որ դիմումը վերաբերում էր նաև այն հարցին, որ կալանքի գործերով քննությունը վճռաբեկ վարույթում խախտում է ողջամիտ ժամկետում անձի արդար դատաքննության իրավունքը։
Սահմանադրական դատարանում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչն ասաց, որ գործով զեկուցող է նշանակվել ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը, իսկ դատաքննությունը տեղի կունենա գրավոր ընթացակարգով։
«ՍԴ-ն դատաքննությունը սկսելու օր է նշանակել ապրիլի 9-ը», - հավելեց Արամ Վարդևանյանը։