14/02/2019 17:50
Ադրբեջանը վաղուց կորցրել է Արցախը, մենք հարցը լուծել ենք. քաղաքագետ
Վերջին ամիսների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումները կարելի է բնորոշել աշխատանքային-ճանաչողական, որոնց ընթացքում Ադրբեջանը փորձում է շոշափել ՀՀ նոր իշխանության տրամադրությունները, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանն՝ անդրադառնալով առաջիկայում սպասվող Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպմանը։
«Մեր կողմից արմատական փոփոխություն է եղել, և Ադրբեջանը փորձում է հասկանալ՝ արդյոք նախկին պարտվողական մոտեցումները կան, թե ոչ։ Բանակցային գործընթացն Ադրբեջանի ձեռքից դուրս է գալիս։ Հակառակորդն այժմ ոչ թե առաջվա նման հոխորտում է, այլ կարծես անընդհատ որոնում է վերադարձ նախկին վիճակին, և նրան Հայաստանում օգնողներ կան՝ հինգերորոդ շարասյունը», - ասաց քաղաքագետը։
Հարցին՝ բանակցային գործընթացում հայկակա՞ն, թե ադրբեջանական կողմն է շահեկան դիրքերում, Լևոն Շիրինյանը շեշտեց՝ Հայաստանը և միջազգային իրավունքը։
«Մեր հարցադրումները միջազգային իրավունքի բնական վիճակին են վերադառնում։ Եթե մենք հաջողենք և Արցախի հետ ջանասեր կերպով աշխատանեք, հեռանկարում մեր համագործակցությունը շատ ավելի արդյունավետ կլինի», - ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ Հայաստանի գործող իշխանությունները պետք է անեն ամեն բան՝ սպասարկելու հայկական կողմի և հայ ժողովրդի շահերը։
Լևոն Շիրինյանը հիշեցեցրեց, որ Ադրբեջանը ձախողել է դեռ ապրիլյան պատերազմում՝ մարտի դաշտում չկարողանալով լուծել իր առջև դրած խնդիրը։
«Հայաստանում իշխաննությունն արմատապես փոխվել է, նոր սերունդ է եկել, իսկ Ադրբեջանը, շատ լավ հասկանալով սա, ուղղակի պոռոտախոսում է։ Ադրբեջանը վաղուց կորցրել է Արցախը, մենք հարցը լուծել ենք։ Իրենք մեզ վրա «նաղդում են» մի բան, որը չունեն. ասում են՝ մենք Արցախին անկախություն չենք տա։ Բայց Ադրբեջանն ո՞վ է, որ կարողանա Արցախին անկախություն տալ կամ չտալ», - ասաց քաղաքագետը: