14/02/2019 13:25
«Սիրում ենք մենք իրար». Արարատ Միրզոյանի ելույթը՝ ջրամբարների, քաղաքացիների ու Էդմոն Մարուքյանի մասին (Տեսանյութ)
Ազգային ժողովում շարունակվում է ՀՀ կառավարության ծրագրի քննարկումը։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, մինչ ելույթ կունենար, ասաց, որ ինքը արդեն ընտրել է իր ելույթի վերնագիրը՝ «Ջրամբարների, քաղաքացիների ու Էդմոն Մարուքյանի մասին»։
Նա ասաց, թե կառավարության ծրագրում գրված է, որ նախատեսում են կառուցել ջրամբարներ։
«Ո՞ւր են ձեր թվերը, հարցնում են մեր գործընկերները: Այս հարցերի պատասխանը կառավարության ծրագրում, այո, չկա, բայց այդ ջրամբարները կառուցվելու են», - վստահեցրեց ԱԺ նախագահը։
Նրա խոսքով՝ իրենց պլանը մեկն է եղել՝ քաղաքացու հավատի, գիտակցության արթնացում, քաղաքացու մասնակցություն ու քաղաքացու հաղթանակ։
«Կյանքը ցույց տվեց, որ քաղաքացու մասնակցությամբ ապահովվեց քաղաքացու հաղթանակը», - ասաց նա։
Արարատ Միրզոյանը շեշտեց՝ հեղափոխությունից հետո շատ դժվար է լինել ընդդիմություն։
«Ես համաձայն եմ, բայց տասնապատիկ անգամ ավելի դժվար է լինել իշխանություն, հարյուրապատիկ անգամ դժվար է լինել քաղաքացի», - ասաց նա։
ԱԺ նախագահն ասաց, թե շատ ճիշտ է անում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ ասում է, որ կառավարության ծրագիրը կարող է իրականանալ միայն մի դեպքում՝ եթե կառավարությանը հաջողվի արթնացնել քաղաքացիների հավատը, գիտակցությունը, մասնակցությունը։
«Քաղաքականությունը զգացմունքների հարց է, որովհետև եթե մենք հաշվեինք՝ ինչի դեմ ենք դուրս գալու ու ինչ ենք անելու, ինչ շանսեր ունեինք, մենք, երևի, չսկսեինք, բայց մեր ներսում եղած զգացմունքներն էին, որ մեզ առաջնորդում էին։ Հեղափոխությունն էլ զգացմունքների հարց էր», - ասաց նա։
Արարատ Միրզոյանը նշեց, որ իր ելույթն ուզում է ավարտել հետևյալ խոսքերով՝ «սիրում ենք մենք իրար, սիրում ենք մենք մեր հայրենիքը ու մենք ամեն ինչ պետք է անենք, որ մեր ջրամբարները կառուցվեն»։