14/02/2019 23:30
Կամո Ավագումյանի «Էլիտ Գրուպ» հոլդինգը Մոսկվայում մսի վերամշակման նոր խոշոր գործարան կկառուցի
«Էլիտ Գրուպ» ընկերությունների խումբը Մոսկվայում խոշոր արդյունաբերական համալիր կկառուցի: «Մսից պատրաստված սննդամթերքի արտադրության համալիրի կառուցման» մասին ներդրումային պայմանագիր են ստորագրել Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը և ներդրող ընկերության սեփականատեր Կամո Ավագումյանը Սոչիում կայացած Ռուսական ներդրումային համաժողովի ժամանակ, հաղորդում է Москва 24-ը։
Ընկերությանն ավելի քան 3000 հեկտար մակերեսով հողատարածք է հատկացվել ՌԴ մայրաքաղաքի արևմտյան վարչական շրջանում: Նախագծի նախնական ներդրումները գնահատվում են 1.2 մլրդ ռուբլի: Շինարարությունը պետք է ավարտին հասցվի մինչև 2022-ի ավարտը:
Կառուցվելիք համալիրի մակերեսը կկազմի 28 000 քառ. մետր: Գործարանում ավելի քան 450 աշխատատեղ կստեղծվի:
Ձեռնարկությունը մասնագիտանալու է մսից պատրաստված կիսաֆաբրիկատների և ֆարշի արտադրության գործում: Արտադրությունը համապատասխանելու է առավելագույն խիստ էկոլոգիական պահանջներին, ներառյալ՝ մաքրման ժամանակակից սարքավորումների տեղադրումը:
«Էլիտ Գրուպ» հոլդինգն ստեղծվել է 1998-ին, ներկա պահին հանդիսանում է սննդամթերքի մեծածախ առևտրի խոշորագույն ձեռնարկություններից մեկը: