14/02/2019 18:50
Ծննդյան տոները նաև հենց այդ անակնկալներով են հետաքրքիր. դերասան Հրաչյա Հարությունյանը դարձավ 58 տարեկան
ՀՀ Վաստակավոր արտիստ, Երևանի Հ. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան և բեմադրիչ Հրաչյա Հարությունյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը: 58-ամյա արտիստի համար տոնական երեկոն անցնելու է հարազատ դարձած թատրոնի բեմում: Ասում է՝ օրս բառի բուն իմաստով աշխատանքային է լինելու:
«Այնպես է ստացվել, որ վերջին երկու-երեք տարիներին այս օրը խաղում եմ «Վերջին ծաղրածուն» ներկայացումը, ու ի դեպ, այսօր ոչ միայն իմ, այլ նաև՝ իմ հերոսի ծննդյան օրն է: Վիճակագրությունը ցույց է տվել, որ սա հանդիսատեսի սիրելի ներկայացումներից է, ու սիրահարների օրը այն անպայման բեմ ենք բարձրացնում», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց հոբելյարը:
Դերասանը խոստովանում է՝ ընտանիքի անդամներն այս օրվա իր զբաղվածությանը ըմբռնումով են մոտենում: Նույնիսկ հասցրել են անակնկալներ մատուցել, առաջին շնորհավորողներն էլ կինը՝ ՀՀ Վաստակավոր արտիստուհի Սյուզան Մարգարյանը, դուստրը՝ Սիրուշոն ու թոռնիկներն են եղել:
«Դա էլ իմ աշխատանքի ձևն ու տեսակն է: Մինչև երեկո տանն եմ եղել, ու դեռ կեսգիշերից ինձ հասցրել են շնորհավորել ու գեղեցիկ անակնկալներ մատուցել: Հավանաբար, ծննդյան տոները նաև հենց այդ անակնկալներով են հետաքրքիր դառնում՝ լինի փոքր, թե մեծ: Իսկ երեկոս արդեն աշխատանքային է՝ կլինենք ես ու իմ հանդիսատեսը», - ժպիտով նկատեց նա:
Հրաչյա Հարությունյանը տարիքի ավելացումից չի սրտնեղում: Շեշտում է՝ այդ թվերի ավելացումը միայն առողջության առումով կարող է նկատելի դառնալ, բայց եթե առողջությունը «տեղում» է, ապա նշանակություն չունի՝ 28 ես, 58, թե՝ 78:
Ձեռքբերումների ու բացթողումների մասին ՀՀ Վաստակավոր արտիստը չցանկացավ խոսել: Ընդգծեց՝ նախ՝ ժամանակը չի բավականացնի, և հետո, հատկապես գործնական ասպարեզում, իր տարիները հանդիսատեսը պետք է գնահատի: Իսկ հարցին, թե ի՞նչ է իրեն հենց այսօր պակասում ու ինչի անհրաժեշտություն ունի, պատասխանեց.
«Բոլոր ժամանակներում ես գնահատել եմ մարդկային փոխհարաբերությունները, հիմա՝ առավելևս: Ջերմ ու սիրով պետք է լինեն հարաբերությունները՝ կապ չունի՝ դա կլինի իմ և Ձեր զրույցում, գործընկերներիս, ընտանիքիս, թե անծանոթների հետ: Ես ինձ միայն մեկ բան եմ մաղթում՝ առողջություն»:
Aysor.am-ը ևս շնորհավորում է Հրաչյա Հարությունյանին՝ մաղթելով առողջություն ու հաջողություն: