14/02/2019 15:00
Եթե «Բարգավաճ Հայաստանի» առաջարկներն անտեսվեն, դեմ կքվեարկենք կառավարության ծրագրին. Նաիրա Զոհրաբյան
Կառավարության ծրագրի վերաբերյալ մի քանի առաջարկներ ենք ներկայացրել ու, եթե դրանք անտեսվեն, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ կքվեարկի այս ծրագրին, ԱԺ-ում խմբակցության անունից իր ելույթում ասաց «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը.
«Ես վախենում եմ, վախենում եմ, որ հանրությունը կամաց-կամաց կսկսի կորցնել հավատն իր ապագայի հանդեպ, որին ինքը հավատացել է ապրիլ-մայիս ամիսներին ու նաև դեկտեմբերյան ընտրությունների ժամանակ։ «Բարգավաճ Հայաստանի» նպատակը տնտեսական հեղափոխությանը նպաստելն է, ու դրա համար մենք կոնկրետ առաջարկներ ենք ներկայացրել։ Այդ առաջարկներին տրված արձագանքից է կախված լինելու «Բարգավաճ Հայաստանի» քվեարկությունը։ Եթե մեր առաջարկները մնան անարձագանք, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը Կառավարության այս ծրագրին քվեարկելու է դեմ», - ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Նա ընդգծեց՝ անկախ քվեարկությունից, ԲՀԿ-ն անելու է առավելագույնը տնտեսական հեղափոխությանը նպաստելու համար։
«Անկախ մեր քվեարկությունից՝ մենք մնալու ենք ձեր համախոհը և մեր հնարավորթյունների սահմաններում անելու ենք առավելագույնը, որ քաղաքական հեղափոխության արժեքները կապիտալիզացվեն տնտեսական հեղափոխությամբ», - ամփոփեց պատգամավորը։