15/02/2019 11:50
Կառավարությունը մերժեց Նաիրա Զոհրաբյանին
Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի օրենսդրական նախաձեռնությանը։
Ներկայացվող նախագծով առաջարկվում էր Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածում կատարել փոփոխություն, ըստ որի՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետը պետք է հաշվակցվի ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու ձևով նշանակված պատժին՝ 1 օրը հաշվելով 1,5 օրվա դիմաց:
Ըստ նախագծի հիմնավորման ներկայացված օրենքի նախագծով նախնական կալանքի տակ պահելու ժամկետն ազատազրկման և կարգապահական գումարտակում պահելու ձևով նշանակված պատժի մեկ օրվա հաշվակցումը մեկ ու կես օրով պայմանավորված է ՀՀ-ում նախնական կալանքի վայրերի պայմաններով, որոնք երբեմն ավելի ծանր են, քան քրեակատարողական հիմնարկներում: ՀՀ գործող քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետը հաշվակցվում է ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու ձևով նշա¬նակ¬ված պատժին՝ մեկ օրը հաշվելով մեկ օրվա դիմաց:
Ներկա իրավիճակում կան բազմաթիվ քրեական գործեր, որոնց շրջանակում նախնական կալանքի տակ գտնվող անձինք՝ ամիսներով կամ տարիներով, կալանավորված անձի կարգավիճակում սպասում են դատարանի դատավճռին, և հաշվի առնելով, որ նախնական կալանքի տակ գտնվող անձի կարգավիճակը ենթադրում է ավելի խիստ մեկուսացում և պահման ավելի խիստ պայմաններ՝ գործող քրեական օրենսգրքի՝ պատիժների հաշվակցման մոտեցումն անթույլատրելի է և մարդասիրական չէ:
Նախագծի ընդունման արդյունքում կալանքի տակ պահելու ժամկետն ազատազրկման և կարգապահական գումարտակում պահելու ձևով նշանակված պատժի՝ մեկ օրը կհաշվվի մեկ ու կես օրվա դիմաց, ինչպես նաև կսահմանվի օրենքի հետադարձ ուժի ժամկետը, որը կտարածվի 2004թ-ից առ այսօր հարուցված քրեական գործերով մեղադրյալների (ամբաստանյալների) և դատապարտյալների վրա:
Ըստ կառավարության եզրակացության՝ նախագծով առաջարկվող փոփոխությունը և կարգավորումները կրում են հատվածական բնույթ, որոնք գործնականում խնդրահարույց իրավիճակների են հանգեցնելու: Հետևաբար, հարցին անհրաժեշտ է ցուցաբերել առավել համապարփակ մոտեցում և լուծումները նախատեսել Հայաստանի Հանրապետության քրեական և քրեակատարողական օրենսգրքերի նախագծերի համակարգային բարեփոխումների շրջանակներում: