15/02/2019 12:29
Կառավարության ծրագրում չկան իշխանությունների տարանջատման և հակակշռման ուղղությամբ հստակ քայլեր. Սաքունց
Տպավորություն է, որ ծրագիրը հապշտապ գրված է, «Կառավարության ծրագիր. ինչպե՞ս ապահովել դատարանների անկախությունը և մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությունը» թեմայով քննարկման ժամանակ ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
«Շտապել են, որ այս փաստաթուղթը ներկայացնեն, քանի որ ժամկետը սահմանված էր ու պետք էր այն Ազգային ժողովին ներկայացնել», - ասաց նա:
Իրավապաշտանի որակմամբ՝ կառավարության ծրագիրն ըստ էության կրկնում է Սահմանադրության նորմերի տրամաբանությունը:
«Գրված է՝ էս, էս, էս, խնդիրները կան, բայց մենք ոչ թե ակնկալում ենք Սահմանադրության հոդվածների վերարտադրում, այլ՝ դրանից ելնող պահանջների ուղղությամբ կոնկրետ քայլեր», - ասաց նա:
Ըստ Սաքունցի՝ կառավարության ծրագրում չկան իշխանությունների տարանջատման և հակակշռման ուղղությամբ հստակ քայլեր, սահմանված չեն իրավապահ մարմինների նկատմամբ պառլամենտական վերահսկողության արդյունավետ մեխանիզմները:
«Ո՞ր մարմիններն են հիմնականում խախտել մարդու իրավունքները՝ իրավապահ մարմինները՝ Ոստիկանություն, Քննչական մարմիններ, Ազգային անվտանգության ծառայություն: Հիշո՞ւմ եք չէ՝ ԱԱԾ-ն ոնց էր փորձում հավաքագրել քաղաքացիական ակտիվիստների, էլ չեմ խոսում լրագրողների մասին», - ասաց նա: