15/02/2019 13:20
Երևանից մինչև Իրանի սահման ծրագրում «ծիծաղելի» գողություններ է կատարվել
Երևանից մինչև Իրանի սահման ծրագիր ունենք, որ ժամանակակից ճանապարհային նշաններով ենք համալրում, շուրջ չորս հազար նշան պետք է տեղադրվեր և արդեն մոտենում ենք այդ ծրագրի ավարտին, կառավարության նիստին ասաց Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը:
«Մի յուրահատուկ փաստ ենք արձանգրել, որ այդ նշանները գողացվում են և տարբեր միջոցներով սկսում են ծառայել: Մի քիչ ծիծաղելի կլինի, բայց թոնրի կափարիչից մինչև հողագործական, ձնամաքրման բահ, օգտագործում են», - ասաց նա՝ նշելով, որ պետական միջոցներ են ծախսվում և դա անվտագության հարց է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե որքան գումար է ծախսվում դրա վրա։
«Մոտավորապես մեկ միլիոն դոլար», - ասաց Արշակյանը։
«Մեկ միլիոն դոլարը ծախսվում է, հետո պարզվում էր, որ հարցը չի լուծվել և ստիպված էլի պետք է ծախսենք, դրանից հետո գողացվում է և այդպես շարունակ... և պարզվում է, որ դրա արդյունքում գումար չի գոյացել, որ մեկ վթարային շենքի խնդիր լուծենք կամ թոշակը բարձրացնենք: Ես ուզում եմ՝ հայրենակիցները այս շղթան հստակ պատկերացնեն՝ սկսած ՀԴՄ չվերցնելուց, չտալուց մինչև մնացած գլոբալ հարցերի լուծումը», - ասաց վարչապետը։
Նա նշեց, որ այս շղթայի պատասխանատվությունը առաջին հերթին կառավարությանն է, բայց չի նշանակում, որ միակ պատասխանատուն կառավարությունն է:
Նիկոլ Փաշինյանն ասաց նաև, որ սա նկատի ունեն, երբ ասում են՝ քաղաքացիները պետք է փոխեն իրենց տնտեսական վարքագիծը, իսկ դա նշանակում, որ վնաս չպետք է տան: