15/02/2019 14:40
Կառավարության հիմնավորումների մեջ մարդասիրական մոտիվացիա չկա. Նաիրա Զոհրաբյան
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ցավում է, որ կառավարությունն այսօր բացասական եզրակացություն տվեց իր հեղինակած նախագծին՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու 1 օրը հաշվել 1,5 օրվա դիմաց: Նրա համար կանխատեսելի էր, որ գործադիրն այդպես էլ պետք է վարվեր։
«Նույնօրինակ նախագիծ ավելի վաղ ներկայացրել էր նաև ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, նրա նախագիծը ևս մերժվել էր։ Ենթադրելի էր, որ իմ նախագիծը ևս մերժվելու էր։ Կառավարության հիմնավորումները, բնականաբար, ինձ համար ընդունելի չեն, որովհետև որպես պատգամավոր և որպես նախկին լրագրող՝ ես երկար տարիներ լուսաբանել եմ քրեակատարողական հիմնարկները և տարիներ շարունակ տեսել եմ, թե ինչ է կատարվում նախնական կալանքի պահպանման խցերում։
7-8 տեղանոց խցերում 23-25 կալանավոր է ապրում, մարդիկ քնում են հերթափոխով։ Սա լրացուցիչ կտտանք և պատիժ է եղել կալանավորների համար։ Մենք ընդամենն առաջարկում էինք մարդասիրական քայլ դրսևորել, և կալանքի 1 օրը հաշվարկել 1,5 օր, ինչը միջազգային պրակտիկայում ընդունված նորմ է», - Aysor.am-ի նշեց մեր զրուցակիցը։
Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ կառավարության մեկնաբանությունները, որ նախագիծը հաստատելու դեպքում դատարանները կծանրաբեռնվեն, Կիկոսի մահի սերիայից է։
«Նախօրեին տեսաք, որ հարյուրից ավել դատապարտյալների և կալանավորներ հարազատներ եկել էին ԱԺ բակ, հանդիպել ինձ հետ։ Այս օրերին գրեթե բոլոր քրեակատարողական հիմնարկներից ինձ տեղեկացնում են, որ դատապարտյալները ցանականում են զանգվածային հացադուլ սկսել։ Ես իրենց խնդրել եմ նման ծայրահեղ քայլերի չգնալ՝ հույս ունենալով, որ այսօր գոնե կունենայինք դրական եզրակացություն։
Ցավոք սրտի, կառավարության եզրակացությունը բացասական է, և իմ վերջին, աղոտ հույսը մնում է այն, որ նախագիծը, ԱԺ պետաիրավական հանձնաժողով գալուց հետո, դրական եզրակացություն կստանա, և մենք հնարավորություն կունենանք նախագիծը քննարկել խորհրդարանում։ Եթե ոչ, իմ՝ որպես պատգամավորի և Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի լիազորությունները, ցավոք կավարտվեն», - ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Պատգամավորի խոսքով՝ կառավարության հիմնավորումների մեջ մարդասիրական մոտիվացիա չկա, ինչի համար ինքը ցավում է։