15/02/2019 18:15
Ռուսական կողմը փորձում է հայկական մարդասիրական առաքելության գործուղման համատեքստում գրգռել ԱՄՆ-ին. վերլուծաբան
Ի սկզբանե պարզ էր, որ սիրիական ճգնաժամում մեր ներգրավվածությունը ռիսկաշատ է ոչ միայն այն պատճառով, որ այդ խնդիրը «ճահիճ» է անգամ մեծ տերությունների համար, այլ նաև այն բանի համար, թե խոշոր խաղացողների կողմից ինչպես կընկալվի Հայաստանի մասնակցությունը, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Միջազգային և անվտանգության հարցերի hայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանն՝ անդրադառնալով Սիրիա հայաստանյան մարդասիրական առաքելություն գործուղելու շուրջ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հակադիր դիրքորոշումներին։
«Միացյալ Նահանգները չի ողջունել և կտրականապես դեմ է եղել Սիրիայում Ռուսաստանի ծավալած գործունեությանը, հետևաբար բնական էր, որ խնդիր է առաջանալու՝ այս դերակատարներից յուրաքանչյուրն ինչպես է դիրքավորվելու Հայաստանի կատարած քայլի նկատմամբ։
Անկեղծ ասած, ես գոհացուցիչ եմ համարում ՀՀ արտգործնախարարության դիրքորոշումը, որն, ըստ էության, հասկացրեց, որ Հայաստանից Սիրիա մարդասիրական առաքելություն գործուղելը պետք չէ դիտարկել որպես այս կամ այն ճամբարին սատարող քայլ։ Հայկական կողմը հղում կատարեց ՄԱԿ-ի շրջանակներում Սիրիային ցուցաբերվող հումանիտար աջակցության վրա։ Հայկական կողմն ակնհայտորեն հասկացրեց, որ գործելու է այդ շրջանակներում, և բացի հայ համայնքի և Սիրիայի ժողովրդի կարիքների լուծումը, այլ հարթություն չի տեղափոխվելու», - նշեց Ստյոպա Սաֆարյանը։
Վերլուծաբանի խոսքով՝ մնացած հարցերը երկու գերտերության կարգավորման տիրույթում են։
Ստյոպա Սաֆարյանի համոզմամբ՝ ռուսական կողմի գոհունակությունը, այդ թվում՝ ՌԴ պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի՝ հայկական կողմին ուղղված գնահատանքի խոսքերը նպատակ ունեն գրգռելու ամերիկյան կողմին։
Վերլուծաբանը միաժամանակ շեշտեց, որ հայկական մարդասիրական առաքելության՝ Սիրիա գործողումը չի կարող երկու կողմերի միջև հետագա շահարկումների առիթ հանդիսանալ։
«Կարծում եմ՝ հարցն ավարտված է, որովհետև դիրքորոշումները, գոնե հայկական կողմից, բարձրաձայնվել են։ Դրանք բացարձակապես այն խնդիրների մասին չեն կամ այն դաշտում չեն, որտեղ խոշոր խաղացողներն են ներկայացված։ Այստեղ որևէ մեկի «ջրաղացին ջուր լցնելու» խնդիր չկա», - ամփոփեց մեր զրուցակիցը։