15/02/2019 18:41
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարին
Փետրվարի 15-ին արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, որը Մյունխենում է գտնվում անվտանգության համաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով, հանդիպեց Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հաանին, տեղեկացնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից:
Կողմերն անդրադարձան Յոհաննես Հաանի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, մտքեր փոխանակեցին Երևանում ԵՄ ներդրողների համաժողովի անցկացման հնարավորության շուրջ:
Զոհրաբ Մնացականյանն ու Յոհաննես Հանը քննարկեցին Հայաստան-Եվրոպական Միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումը: Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց, որ այն կարևոր գործիք է հանդիսանում Հայաստանի զարգացման օրակարգի առաջմղման համար:
ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ ԵՄ գործընկերների հետ միասին սերտ համագործակցությամբ աշխատանքներ են իրականացվում Հայաստանի կողմից ներկայացված ճանապարհային քարտեզի նախագծի վերջնականացման ուղղությամբ:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև տարածաշրջանային մի շարք հրատապ խնդիրների շուրջ:
Զոհրաբ Մնացականյանը Յոհաննես Հաանին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման ուղղությամբ Հայաստանի մոտեցումները: