15/02/2019 15:50
Հնդկաստանը Պակիստանին կզրկի առևտրական արտոնություններից՝ Քաշմիրի ահաբեկչությունից հետո
Հնդկաստանի իշխանությունները Ջամուի և Քաշմիրի նահանգում իրականացված ահաբեկչական գործողությունից հետո Պակիստանին կզրկի առևտրական բոլոր արտոնություններից, որոնք երկրին տրամադրվել են Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոններին համապատասխան, հայտարարել է Հնդկաստանի ֆինանսների նախարար Արուն Ջեյթլին:
Ներկայում Պակիստանը Հնդկաստանի հետ առևտրում ունի առավելագույն «բարենպաստման ռեժիմով» երկրի կարգավիճակ:
Դա նրան տրամադրում է մաքսային արտոնություններ, նաև առավելություններ ներքին հարկերի և արտադրական գանձումների, ներմուծվող ապրանքների մշակման ու շրջանառման առումով:
«Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը հնարավոր բոլոր դիվանագիտական միջոցները կձեռնարկի Պակիստանի լիակատար մեկուսացումն ապահովելու համար», - Ջեյթլիի խոսքն իր կայքում մեջբերում է The Times of India թերթը:
Նախարարը նաև հավելել է, որ Պակիստանի մասնակցությունն ահաբեկչական գործողությանը, որի պատասխանատվությունն ստանձնել է Ջամուի և Քաշմիրի նահանգում գործող արմատական անջատողական խմբավորումներից մեկը` «Ջաիշ-ե-Մուհամադը» («Մուհամադի բանակ»), անվիճելի է, և Հնդկաստանն ունի համապատասխան ապացույցներ:
Ջամուի և Քաշմիրի նահանգում հինգշաբթի մահապարտ ահաբեկիչը պայթանյութով լի ավտոմոբիլ է պայթեցրել զինվորական շարասյան մոտ, ինչի հետևանքով, ըստ վերջին տվյալների՝ զոհվել է 45 մարդ՝ Կենտրոնական ռեզերվի ոստիկանության ուժերի (ռազմականացված ոստիկանական կառույց) զինծառայողներ: