15/02/2019 19:00
Մանվել Գրիգորյանին գրավով ազատելու հարցը դատարանը կքննի փետրվարի 26-ին
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Երկրապահ կամավորների միության վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատական նիստն այսօր հետաձգվել է, Aysor.am-ին տեղեկացրեց Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը:
Փաստաբանն ասաց, որ Մանվել Գրիգորյանն այժմ ծանր վիճակում գտնվում է քաղաքացիական հիվանդանոցում, և պաշտպանական կողմը դիմել է Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ Գրիգորյանի խափանման միջոց կալանքը վերացնելու և նրան 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու համար:
Դատական նիստը կկայանա փետրվարի 26-ին:
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Գրիգորյանին մեղադրանքն առաջադրվել է Քրեական օրենսգրքի միանգամից մի քանի հոդվածներով, մասնավորապես, նա մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, խոշոր չափի գույք յուրացնելու, 1 մլրդ-ից ավելի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1 մլրդ դրամից ավելի վատնելու և շորթմամբ 37 մլն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:
Նշենք, որ Մանվել Գրիգորյանը դեկտեմբերի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ (դատավոր Դավիթ Բալայան) 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Գլխավոր դատախազությունը բողոքարկել էր այդ որոշումը, և Վերաքննիչ քրեական դատարանը հունվարի 22-ին որոշել էր վերացնել ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, ու Գրիգորյանը կալանավորվել էր: