15/02/2019 18:36
Պարոն Ստեփանյանն ընդունեց, որ չի ճշտել իր կողմից տեղեկատվության իսկությունը. Լիլիթ Մակունցն ու Վիգեն Ստեփանյանը հեռախոսազրույց են ունեցել
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախագահ, Մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ հեռախոսազրույց է ունեցել դերասան, ռեժիսոր Վիգեն Ստեփանյանի հետ:
«Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Վիգեն Ստեփանյանի հետ, որի ընթացքում պարոն Ստեփանյանն ընդունեց, որ չի ճշտել իր կողմից տեղեկատվության իսկությունը, և մենք արձանագրեցինք, որ ես նման բան չեմ ասել և տեղի է ունեցել թյուրիմացություն։ Ես հաղորդել եմ նաև, որ ունեմ մեծագույն հարգանք իր՝ որպես դերասանի, ինչպես նաև Հայաստանում ու Հայաստանից դուրս գործունեություն ծավալող բոլոր արվեստագետների նկատմամբ: Սա ասում եմ ոչ թե ի պաշտոնե, այլ որպես քաղաքացի ու մարդ: Ուրախ եմ, որ ամեն ինչ հարթվեց», - գրել է Լ. Մակունցը:
Նշենք, որ երեկ ասուլիսի ընթացքում Վիգեն Ստեփանյանը Լիլիթ Մակունցի և Լոս Անջելեսում հայ համայքի՝ ամիսներ առաջ ունեցած հանդիպման ու երկխոսության մասին է պատմել, որի ընթացքում նախարարն ավագ սերնդի արվեստագետներին կոռումպացված է անվանել: Ռեժիսորի այս հայտարարությանն անդրադառնալով՝ Մակունցը ևս գրառում էր արել:
«Այս տեսանյութում (22-րդ րոպեից) հարգարժան դերասան Վիգեն Ստեփանյանն ինձ վերագրում է խոսքեր, որոնք իբրև ասել եմ Միացյալ Նահանգներում հայ արվեստագետների հետ հանդիպման ժամանակ:
Դիմում եմ պարոն Ստեփանյանին հետևյալ կոչով. կամ ապացուցում եք, որ ես նման բան եմ ասել, կամ հրապարակավ ներողություն խնդրում ինձանից: Հակառակ պարագայում զրպարտության համար համապատասխան ընթացակարգով դիմելու եմ դատարան:
Ի դեպ, այդ հանդիպումը տեսագրվել է», - նշել էր նա: