16/02/2019 11:02
Զոհրաբ Մնացականյանը սենատոր Ռոբերտ Մենենդեսի հետ քննարկել է հայ-ամերիկյան գործընկերությանն առնչվող մի շարք հարցեր
Փետրվարի 15-ին Մյունխենում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ռոբերտ Մենենդեսին, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան գործընկերությանն առնչվող մի շարք հարցեր՝ այդ համատեքստում կարևորելով ԱՄՆ հայ համայնքի դերակատարումը։
Զրուցակցի խնդրանքով ներկայացնելով Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները և կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացը՝ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ առաջիկա առաջնահերթությունն է բարձր տեխնոլոգիաների և նորարարության առաջընթացի հիման վրա տնտեսական զարգացման ապահովումը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային կարևորության մի շարք խնդիրների շուրջ, կարևորեցին Մերձավոր Արևելքում ազգային և կրոնական փոքրամասնությունների պաշտպանությունը: